Միակ դեղամիջոցը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ

Մեր ժամանակների հակասական առանձնահատկություններից մեկը տեղեկատվության անսահմանության պայմաններում ճշմարտության գրեթե տոտալ բացակայությունն է։

Ինֆորմացիան այնքան շատ է, այնքան բազմազան, այնքան անորակ ու այնքան անարժանահավատ, որ մարդիկ՝ ստանալով բազմապատիկ ավելի տեղեկատվություն, քան, ասենք, մի քանի տասնամյակ առաջ, բազմապատիկ ավելի անտեղյակ են նախկին՝ անտեղեկույթ ժամանակահատվածի համեմատ։

Խնդիրն այն է, որ տեղեկատվությունն օգտագործվում է ոչ թե մարդկանց տեղեկացնելու, իրականությունը հաղորդելու, այլ ճիշտ հակառակը՝ նրանց մոլորեցնելու նպատակով։

Մարդիկ՝ որպես ինֆորմացիայի սպառողներ, իրականում ստանում են ոչ թե այն, ինչ իրենց պետք է, այլ այն, ինչ պետք է տեղեկատվությունը մատուցողներին։ Ընդհանուր առմամբ դա հենց այն է, ինչ կոչվում է քարոզչություն և ինչով ներկայիս ժամանակներում կառավարվում է հասարակությունների մեծ մասը։

Կարդացեք նաև

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ քաղաքացիների մեծամասնությունն անգամ չի էլ գիտակցում, որ սպառում է ոչ թե տեղեկատվություն, այլ քարոզչական արտադրանք, այսինքն՝ ստանում է ոչ թե ճշմարտություն, այլ այն, ինչ ներկայացվում է՝ որպես ճշմարտություն։ Ժամանակի երկար հատվածում գտնվելով քարոզչության մթնոլորտում (խնդիրն ուղղակի քարոզչության ազդեցությունը չէ, որն ավելի նեղ իմաստ ունի, քան քննարկվող հայեցակետը), մարդկանց մեծամասնությունն ապրում է պատրանքով՝ իրականում անտեղյակ լինելու պայմաններում «տեղեկացված լինելու» պատրանքով։

Այնպես չէ, իհարկե, որ սա միայն մեր ժամանակներին բնորոշ համախտանիշ է․ դեռևս հին հույներն էին Սոկրատին մեղադրում իր զրույցներով մարդկանց անտեղյակ լինելու ուրախությունից զրկելու մեջ։

Հիմա, սակայն, քաղաքացիների անտեղյակ լինելու իրավունքն իրացվում է տիեզերական մասշտաբով, որովհետև դա ամենաշատը ձեռնտու է գործող իշխանություններին, որը տիրապետելով տեղեկատվական և քարոզչական հսկայական միջոցների՝ իրականությունն ու ճշմարտությունը մարդկանց ներկայացնում է այնպես, որպեսզի դրա արդյունքում ձևավորված անտեղյակությունը որևէ կերպ չսպառնա իշխանության դիրքերին։

Հենց այս մեթոդով են մշակված Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության բոլոր քարոզչական թեզերը՝ «30 տարի թալանված բանակից» մինչև «30 տարի բանակցություններում հանձնված Արցախ»։

Այդ և էլի բազմաթիվ քարոզչական կաղապարներ մտածված են այնպես, որ դրանցում տեղեկատվության, այսինքն՝ իրականության կամ ճշմարտության չափաբաժինը հասցված է նվազագույնի։ Կարևորը՝ այդ թեզերի հոգեբանական, ենթագիտակցական ներազդեցությունն է, որն ուղղված է ոչ թե բանականությանը, այլ հույզերին, զգացմունքներին, որոնցով էլ հեշտորեն կառավարվում է մարդկանց վարքագիծը։

Ճշմարտությունը Հայաստանում ամենադեֆիցիտ, բայց միևնույն ժամանակ՝ ամենաչպահանջված ապրանքն է։

Ճշմարտության տևական պակասը, իսկ իրականում՝ գրեթե բացակայությունը հանգեցրել է իրողությանը, որ մարդկանց զգալի մասի համար այն կարող է անգամ վնասակար ազդեցություն ունենալ։ Որովհետև անտեղյակության ուրախության մեջ գտնվողների համար ճշմարտությունը կարող է քանդել պատրանքը, որում մարդիկ ապրում են երկար ժամանակ։

Հետևաբար՝ մեր հասարակությանը ճշմարտությունը պետք է մատուցվի ոչ թե միանգամից ու ամբողջապես, այլ փոքր չափաբաժիններով, ինչպես դեղագիտության մեջ հայտնի հորմեզիս երևույթը, երբ փոքր քանակի վնասակար նյութը՝ օգտակար լինելով օրգանիզմի համար, դառնում է դեղամիջոց։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը կառուցել է և հասարակության հետ հարաբերվում է «ճշմարտությունն ատելություն է ծնում» հին հռոմեական սկզբունքով, որը մեծ առումով նրա ստվերային զենքն է անցած շուրջ հինգ տարիների ընթացքում։ Նա գիտակցում է, որ հենց ճշմարտությունն է այն միջոցը, որ կարող է անտեղյակության պատրանքով ապրող հասարակության մեջ վայրկենապես արթնացնել ատելությունն իր իշխանության նկատմամբ։

Դրա համար էլ պայքարում է ճշմարտության դեմ նույնքան ջերմեռանդորեն, որքան նվիրաբար սոսնձված է իր իշխանությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս