Վեց առաջնախաղ, մասնակցություն փառատոններին. Ռուսական դրամատիկական թատրոնի ծրագրերը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2022 թվականը բավական բուռն էր թե ստեղծագործական, թե մրցանակների, թե փառատոններին մասնակցելու առումով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ նախորդ տարի թատրոնն ունեցել է 7 առաջնախաղ: 2022 թվականին թատրոնն արժանացել էր նաև «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին։

«Այս մրցանակը տրվում է շատ հազվադեպ, դա մեծ պատիվ է, մեծ երջանկություն է թատրոնի համար: Միգուցե դա է, որ մենք շատ ոգևորվեցինք ու նոր ծրագրերով ու գաղափարներով ենք առաջ շարժվում: Այս տարին ևս հագեցած է լինելու պրեմիերաներով: Միայն այս գարնանը հանդիսատեսին ենք ներկայացնելու 6 նոր ներկայացում»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Թատրոնի տնօրենի բնորոշմամբ, գարնան սկիզբն իրենց համար աննախադեպ է լինելու: Մարտի 24-ին, 25-ին, 26-ին բեմ կբարձրանա «Բալզամինովի հարսանիքը» ներկայացումը: Այն բեմադրվում է Աստրովսկու պիեսի հիման վրա: Այս տարի լրանում է Աստրովսկու 200-ամյակը և թատրոնի համար թիրախային է նրա գործերից մեկը բեմադրելը: «Բալզամինովի հարսանիքը» ներկայացման բեմադրիչը Կարեն Ներսիսյանն է:

Ապրիլի 2-ին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր կատակերգություն: «Երկնագույն կակաչների փունջը» ներկայացման բեմադրիչը Իրինա Հարությունյանն է: Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ հանդիսատեսի համար անակնկալ է սպասվում:

Ապրիլի վերջ սպասվում է ևս մեկ առաջնախաղ: Պիեսի բեմադրությունը սկսել էր երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը, ավաղ նա չկարողացավ ավարտին հասցնել աշխատանքը: Աշխատանքներն այժմ ավարտում է Սուրեն Շահվերդյանը: Մարիաննա Մխիթարյանը վստահեցնում է, որ բավական հետաքրքիր ներկայացում է սպասվում:

Մայիսի սկիզբ թատրոնը կուրախացնի փոքրիկներին: Սպասվում է «Մկների ժողովը» մանկական ներկայացման պրեմիերան, որի բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է:

Մայիսի վերջ ևս մեկ ներկայացում է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի «Զառանցանք երկուսով» ներկայացումը: Այն բեմադրում է Ելենա Վարդանյանը:

Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում սպասվում է նաև միջազգային փառատոններին ակտիվ մասնակցություն: Աշխատանքներ են նախատեսված նաև թատրոնի վերազինման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս