
Մադագասկարում «Չենեսո» ցիկլոնի պատճառով 30 մարդ է զոհվել

Անցյալ շաբաթ Մադագասկարին պատուհասած «Չենեսո» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 20 մարդ անհետ կորած է:
Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին 25 զոհի մասին։ Ըստ կղզի պետության Ռիսկերի և աղետների դեմ պայքարի ազգային գրասենյակի՝ ցիկլոնի հետևանքներից տուժել է մոտ 89 հազար մարդ։ Նրանցից շատերը ստիպված են եղել լքել իրենց տները:
Փոթորկալից քամիների արագությունը կազմել է ժամում մոտ 170 կմ, քամու պոռթկումներն ուղեկցվել են հորդառատ անձրևներով և սողանքներով: Բազմաթիվ շենքեր փլուզվել են, մարդիկ հայտնվել են ծուղակում։ Փոթորիկը վնասել է ենթակառուցվածքները, ճանապարհները հայտնվել են ջրի տակ, փլուզվել են կամուրջներ: «Չենեսո» ցիկլոնից ավելի շատ տուժել են Մադագասկարի հյուսիս-արևելյան շրջանները: Ցիկլոնն այժմ շարժվել է դեպի Մոզամբիկի նեղուց: