
Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկա պայմաններում Թուրքիան չի կարող աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտին, և Անկարան պատրաստ կլինի կրկին քննարկել այդ հարցը, եթե Ստոկհոլմը կատարի իր պարտավորությունները:
Մևլութ Չավուշօղլուն այս մասին ասել է հունվարի 31-ին Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ստեղծման գաղափարն ի սկզբանե հիմնված էր ռազմաքաղաքական բլոկի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման խնդրի վրա։
«Ուստի բոլոր թեկնածու երկրները, այդ թվում՝ Շվեդիան և Ֆինլանդիան, պետք է հաշվի առնեն Անկարայի դիրքորոշումը անվտանգության ոլորտում»,- ընդգծել է Չավուշօղլուն։
«Մենք տեղյակ ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգության առաջնահերթություններին, և նույն մոտեցումն ենք ակնկալում սկանդինավյան երկու երկրներից»,- ընդգծել է Չավուշօղլուն։