Թեհրանում հայտարարել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի պատերազմի
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի լայնածավալ հակամարտության, որը հետևանքներ կունենա ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաների:
«Իրանի տեսանկյունից՝ ցանկացած մակարդակով ռազմական տարբերակի ընտրություն նշանակում է պատերազմի սկիզբ ԱՄՆ-ի կողմից: Այս պահին Իրանը նման հնարավորությունը չնչին է համարում», – Newsweek հանդեսին հայտնել Է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:
ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը նաև հայտարարել է, որ եթե «ԱՄՆ-ը սխալ հաշվարկի և պատերազմ սկսի», ապա «տարածաշրջանի և աշխարհի համար» նման հակամարտության հետևանքների պատասխանատվությունը կրելու Է Վաշինգտոնը։ Մշտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանն, անկասկած, կկարողանա «պաշտպանել իր անվտանգությունն ու շահերը»։
Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը Newsweek-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ի ոչ մի ռազմական ուժ հարվածներ չի կատարել և գործողություններ չի իրականացրել Իրանում»:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «շարունակում է հետևել իրադրությանըե։ Պարբերականը հիշեցնում է, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք պաշտոնյաներ ևս The Wall Street Journal-ին և The New York Times-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Սպահան քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի վրա հարձակմանը, և դրա պատասխանատու էին անվանել Իսրայելին:
Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ ընդունել իր առնչությունը միջադեպին: Հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան նահանգում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։
ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, պատճառվել է աննշան նյութական վնաս։