![](/banners/BeFunky-design.jpg)
Կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1102957.jpg)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:
«Մասնավորապես, առաջարկվում է հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: Սա ևս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի աշխատողների համար»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:
Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։