Նոր օրենքով Հայաստանում աշխատող բոլոր զբոսավարների և ուղեկցորդների համար կլինի պարտադիր որակավորում
Զոսաշրջության կոմիտեի մշակած նոր օրենքի նախագծով համապատասխան տնտեսվարողները կմտնեն կարգավորումների դաշտ, իսկ բոլոր զբոսավարների և ուղեկցորդների համար լինելու է պարտադիր որակավորում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և որի շուրջ ազգային ժողովում արդեն քննարկումներ իրականացվել են:
«Օրենքի նախագծի շուրջ փակ քննարկումները համապատասխան բաժինների հետ արդեն ավարտվել են: Այն արդեն ուղարկել ենք կառավարություն, այնտեղից նույնպես ունենք որոշ դիտարկումներ, որոնք արդեն ինտեգրել ենք: Հաջորդ փուլում արդեն կառավարությունում բաց ձևաչափով քննարկումներ են ծավալվելու: Եվ, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում օրենքի հետ կապված վերջնական արդյունք կունենանք»,- ասաց նա:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանն ընդգծեց, որ օրենքում փոփոխությունները միտված են ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին կարգավորումների դաշտ բերելուն:
«Ըստ օրենքի, նաև ներդնելու ենք որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ընդգրկվել են մեր ներկա օրենքի նախագծում»,-ասաց Սուսաննա Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ նոր օրենքով արտագնա զբոսաշրջային գործակալների և տուրօպերատորների համար գործելու են ֆինանսական երաշխիքներ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները և նրանց կողմից առաջարկվող զբոսավարները համապատասխանում են միջազգային ստանդարտներին՝ Սուսաննա Հակոբյանն ընդգծեց՝ ո՛չ:
«Ցավոք, այսօր ոլորտում գոյություն ունեն զբոսավարներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և նաև տուրիստական գործակալություններ, որոնք որևէ ձևով, որևէ ստանդարտի չեն համապատասխանում, և խոսքը միայն միջազգային ստանդարտի մասին չէ: Եվ մեր օրենքում առաջարկվող փոփոխությունները հենց այս խնդիրների լուծմանն են միտված: Իրավական դաշտ բերելով, չափորոշիչներ, ստանդարտներ մշակելով՝ մենք ուզում ենք հասնել նրան, որ նրանք համապատասխանեն այս ստանդարտներին»,- ասաց նա:
Սուսաննա Հակոբյանն ասաց, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը իրենք պատվիրակելու են կառավարության որոշմամբ ընտրված իրավական մարմնին, այսինքն՝ որակավորման ամբողջ գործընթացը, միջազգային ստանդարտներին համապատասխան, իրականացնելու է տվյալ մարմինը: Իսկ այս բոլոր գործընթացները իրականացնելու նպատակով միջազգային ստանդարտները կվերցվեն և կտեղայնացվեն:
Գայանե Գաբոյան