
Մարզպետարաններում իրականացվելիք փոփոխությունները ցավոտ չեն լինի. Գնել Սանոսյան

Մարզպետարաններում առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Դրանք հիմնականում բաժինների վերամիավորումներ են ու ցավոտ չեն լինի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ այդ գործընթացը սկսվել է 2019 թվականից:
«Մենք չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել և դա կապել ենք նաև համայնքների խոշորացման հետ: Համայնքները միավորեցինք և հիմա այս փուլով փոխում ենք մարզպետարանի կառուցվածքը: Հաշվի առնելով, որ մարզային գործընկերները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է՝ հաստիքները հիմնականում թափուր էին մնացել: Մարզպետարաններում գրեթե կրճատումներ չեն լինի՝ տեղեր կան, որ ընդհանրապես կրճատում չի լինի, իսկ տեղեր էլ կան՝ միայն 3-4 հոգի»,-նշեց նախարարը՝ փաստելով՝ կադրային ջարդ չի լինելու:
Արմենուհի Մխոյան