ԵՄ-ում անիրատեսական են համարում 2 տարում միությանն անդամակցելու Կիևի ծրագիրը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ իր երկիրը երկու տարում ԵՄ-ին անդամակցելու «հավակնոտ ծրագիր» ունի, սակայն ԵՄ-ում քչերն են դա իրատեսական համարում:

Այս մասին հաղորդում է Politico պարբերականը։ Ըստ հրատարակության՝ այս հարցը, ենթադրաբար, գերակշռող կլինի փետրվարի 3-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին, որին ներկա կգտնվեն եվրահանձնակատարները, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները: «Մենք շատ հավակնոտ ծրագիր ունենք առաջիկա երկու տարվա ընթացքում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Ուստի մենք ակնկալում ենք, որ այս տարի՝ 2023 թ.-ին, մենք կարող ենք արդեն ունենալ բանակցությունների նախնական փուլ», – հայտարարել է Շմիգալը Politico-ին տված հարցազրույցում։ Հրատարակությունը նշում է, որ խնդիրն այն է, որ «ԵՄ-ում ոչ ոք դա իրատեսական չի համարում»։ Ինչպես գրում Է հրատարակությունը, ԵՄ-ում Ուկրաինայի մերձավոր դաշնակիցները, ինչպիսիք են Լեհաստանը և Բալթյան երկրները, վճռականորեն աջակցում են միությանն անդամակցելու Կիևի ձգտումը: Սակայն ԵՄ-ի «հին գվարդիայի» շատ ներկայացուցիչներ շատ ավելի զգույշ են, քանի որ Ուկրաինան, որպես գլոբալ գյուղատնտեսական գերտերություն, կարող է թուլացնել իրենց սեփական լիազորություններն ու արտոնությունները: Նաև շատերը պնդում են, որ Կիևը կարող է չափազանց մեծ բեռ դառնալ ԵՄ-ի բյուջեի համար: «Կիևում ակնկալիքները բավականին մեծ են, սակայն անհրաժեշտ է կատարել բոլոր այն պայմանները, որոնք դրել է Եվրահանձնաժողովը», – մեջբերում է հրատարակությունը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։ ԵՄ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Եվրոպային «հարկավոր Է բարեփոխված Ուկրաինա»:

Անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու համար Ուկրաինայից կարող են ,տասնամյակներե պահանջվել: Շմիգալը Politico-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ուրբաթ օրը Ուկրաինան կկարողանա հասնել «դեպի առաջ զգալի թռիչքի», հատկապես կոնկրետ բնագավառներում, որոնցից են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը արդյունաբերական ապրանքների համար, ուկրաինական արտահանման մաքսատուրքերի դադարեցումը ևս մեկ տարով, Ուկրաինայի ընդգրկումը ԵՄ-ի բջջային ռոումինգի գոտում և այլն։ «Մենք ակնկալում ենք առաջընթաց և արագացում այս համաձայնագրերի ստորագրման ճանապարհին», – ասել է նա։

Վլադիմիր Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրելուն։ Անդամակցության բանակցություններ սկսելու համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, այդ թվում՝ բարեփոխումներ։

Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին միանալու բավականին երկար ճանապարհի միայն սկիզբն է: Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թ.-ից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թ.-ից, Չեռնոգորիան՝ 2010 թ.-ից, իսկ Սերբիան՝ 2012 թ.-ից։ ԵՄ կազմի մեջ ընդգրկված վերջին երկիրը Խորվաթիան է. դա տեղի է ունեցել 2013 թ.-ին, գործընթացը տևել է 10 տարի:

Տեսանյութեր

Լրահոս