Վստահեցնում եմ, որ մարզի յուրաքանչյուր հոգս ու խնդիր իմն է դառնալու. Շիրակի նորանշանակ մարզպետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 30-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու ուժային կառույցների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ մարզպետին ներկայացնելը՝ նախարարը արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին, ընդգծելով, որ նա շատ արագ մարզային խնդիրներին տիրապետեց ու շատ արագ էլ այդ խնդիրներին լուծումներ տվեց:

Ինչ վերաբերում է նոր մարզպետին, նշվեց, որ տարբեր ոլորտներում է աշխատել, սակայն ամենակարևորն այն է, որ երկար ժամանակ աշխատել է նաև մարզպետարանում:

«Շիրակի մարզը բարդ մարզ է ու բազմաթիվ խնդիրներ կան, բայց նաև հսկայածավալ ծրագրեր կան և այդ ծրագրերը պետք է համատեղ կյանքի կոչել»,- նկատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Այն, որ մարզն առաջիկայում բարդ գործընթացներ է ունենալու՝ հաստատեց նաև Մուշեղ Մուրադյանը:

«Վստահ լինելով իմ գիտելիքների ու հմտությունների վրա՝ ստանձնել եմ մարզպետի պաշտոնը և վստահեցնում եմ, որ մարզի յուրաքանչյուր հոգս ու խնդիր իմն է դառնալու: Անելու ենք ամեն ինչ, որ Կառավարության հետ համատեղ ջանքերով սեղմ ժամկետներում խնդիրներին լուծում տանք: Ես աշխատանքի մարդ եմ, իսկ սա իմ հայրենի մարզն է»,-նշեց Մուշեղ Մուրադյանը:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս