ԱՄՆ-ն առնչություն չունի Իրանում զինամթերքի գործարանի վրա տեղի ունեցած հարձակման հետ. Պենտագոն

ԱՄՆ-ի զինուժը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ: Նման հայտարարություն է արել Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել:

Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնն առնչություն չունի Սպահանում տեղի ունեցածի հետ: Նրանք հավելել են, որ, ամենայն հավանականությամբ, հարձակման հետևում կանգնած է Իսրայելը: Իսրայելի հնարավոր առնչության մասին կիրակի օրը հրապարակում էր արել նաև The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների, որոնք խոսել էին իրենց անունը չհրապարակելու պայմանով:

Թեհրանը պաշտոնապես որևէ մեկին չի մեղադրել հարձակման համար: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղի ունեցածն անվանել է «վախկոտ» հարձակում, որի նպատակն էր անկայունություն ստեղծել Իրանում: Սակայն ըստ Reuters-ի՝ պետական հեռուստաընկերության եթերում իրանցի օրենսդիրներից մեկը հայտնել էր, որ ենթադրություններ կան, որ հարձակման պատասխանատուն Իսրայելն է:

Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Reuters-ը հիշեցնում է, որ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է իրանական թիրախների հարվածել, եթե դիվանագիտության միջոցով չհաջողվի կանգնեցնել Թեհրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը:

Հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին, անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Ըստ Իրանի պաշտպանության նախարարության՝ հարձակումը ձախողվել է. ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել: Դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեթև վնասվել է գործարանի տանիքը։

Տեսանյութեր

Լրահոս