Կարելի է համագործակցել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, և թե՛ մշակութային ու զբոսաշրջության ոլորտներում. Վահե Մահշիկյանը՝ Եգիպտոսի նախագահի ՀՀ այցից ակնկալիքների մասին
Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին առաջին անգամ Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ ասելով. «Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»:
Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Հրավերը եղել է հայկական կողմից: Այս այցին նպաստել է նաև 2022 թ. նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս:
Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանն այս այցը կարևոր է համարում՝ ընդգծելով մի շարք ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորությունը:
«Հայ ազգին բարեկամ ժողովուրդ է Եգիպտոսի ժողովուրդը: Հայերի հետ ավանդական պատմական սերտ կապեր ունեն, մինչև անգամ եղել է Եգիպտոսի հայ վարչապետ: Կարելի է համագործակցել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, և թե՛ մշակութային ու զբոսաշրջային ոլորտներում: Ի դեպ, շատ հայ դերասաններ խաղում են եգիպտական ֆիլմերում ու թատրոններում: Եգիպտոսը նաև արաբական պետությունների մեջ հզորագույնն է համարվում: Ազատ շուկա ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ անհրաժեշտ է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական ներդաշնակություն ստեղծել, օրինակ՝ Թուրքիայի դեմ:
«Երանի դաշնակցեն Հայաստանն ու Եգիպտոսը: Պետք է արաբներին անջատել թուրանական ծրագրերից, որ Թուրքիան կղզիանա ու պատասխանատվություն կրի հայերի դեմ գործած ցեղասպանության համար: Կարծում եմ՝ լավ առիթ է ստեղծվել, և պետք է հստակ դիրքորոշում քաղել Եգիպտոսից՝ Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Դրա համար անպայման անհրաժեշտ է, որպեսզի նախագահն այցելի նաև Ծիծեռնակաբերդ: Մենք՝ հայերս, միջազգային հարթակում շատ բան անելու ունակ ժողովուրդ ենք: Ի դեպ, ես հանդիպել եմ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին՝ 2014թ., երբ նա պաշտպանության նախարար էր և պատրաստվում էր նախագահական ընտրությունների: Իրենից առաջ՝ 2013թ. ժամանակավոր նախագահը թուրք դեսպանին վտարեց Եգիպտոսից՝ ներքին հարցերին միջամտելու պատճառով, ու նա համարվեց անցանկալի անձ: Հավելեմ, որ այժմ Եգիպտոսի Փաստաբանների միության նախագահ Սամեհ Աշուրը «Հայ խորհրդի» հիմնադիր անդամներից է, իսկ օգնականը Հայ արաբական միջազգային իրավական խորհրդի անդամ է»,- նշեց Վահե Մահշիկյանը:
Ընդգծենք, որ ըստ պատմաբանների` հայերը Եգիպտոսում հայտնվել են հնագույն ժամանակներից (մ.թ.ա. 4-րդ դար): Նրանց թիվն ավելացել է 7-րդ դարի կեսին, երբ Եգիպտոսը նվաճած արաբները չեն խոչընդոտել տեղի հայերի զորացմանը:
Եգիպտահայ գաղութը կազմավորվել և ծաղկում է ապրել Ֆաթիմյանների դարաշրջանում (969-1171), որը պայմանավորված է եղել եգիպտական քաղաքների զարգացմամբ և քրիստոնյաների նկատմամբ արաբական խալիֆների բարյացակամ քաղաքականությամբ: Հայերի թիվն աճել է նաև Մամլուքների օրոք:
11-12-րդ դդ. Եգիպտոսում գործել են երեսունից ավելի հայկական եկեղեցիներ ու վանքեր, ինչը վկայում է հայերի մեծաթիվ լինելու մասին (համեմատական տվյալներով՝ հայերի թիվն այդ ժամանակ հասել է շուրջ 100 հազարի): Հիմա հայերի թիվը տատանվում է 5000-12.000-ի սահմաններում: Հայ համայնքը Եգիպտոսին տվել է բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ։
Եգիպտոսում պետական պատասխանատու պաշտոններ է վարել եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ, ազգային բարերար, Փարիզի Խաղաղության վեհաժողովում հայ ազգային պատվիրակության ղեկավար, Եգիպտոսի առաջին վարչապետ, նաև Արտաքին գործերի նախարար Նուբար փաշա Նուբարյանը:
Ալեքսանդրիայում կանգնեցված է Նուբար փաշայի արձանը (1904 թ.), նրա անունով փողոցներ են կոչվել Կահիրեում և Ալեքսանդրիայում: