«Ի՞նչ են անելու օտարազգի պարեկները ՀՀ-ում, ինչի՞ց են մեզ պաշտպանելու». Նաիրա Կարապետյան

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն այն կարծիքին է, որ BBC Hard Talk-ին տված հարցազրույցում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամենակարևոր ուղերձն այն էր, որ Արցախի հիմնահարցը չի փակվել, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը դեռ օրակարգում է, և Արցախն առանձին սուբյեկտ է, որն ապրում է ժողովրդավար սկզբունքներով, պատրաստ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների, բայց միայն փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա:

«Սա այն է, ինչ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով այս տարիների ընթացքում վերացել էր, դուրս էր մնացել միջազգային բոլոր փաստաթղթերից, բանակցություններից և հարցի կարգավորմանը միտված ցանկացած ձևաչափից: Ռուբեն Վարդանյանի երեկվա ուղերձը, որը վստահաբար դեռ շատ է քննարկվելու միջազգային փորձագիտական և վերլուծական կենտրոններում, կփորձի լրացնել այդ բացը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Եվրոպական խորհրդարանը կողմ էր քվեարկել «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևի նախագծին, որով, ի թիվս այլնի՝ կոչ է արվում կողմերին հրատապ վերսկսել բանակցությունները՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Նաիրա Կարապետյանի խոսքով՝ բանաձևի ամենամեծ արժեքն այն է, որ ուղղված է ոչ թե երկու կողմին, այլ՝ միայն Ադրբեջանին:

«Ադրբեջանի այս մեծ աֆյորան, որ իբր բնապահպանական նկատառումներից ելնելով է փակ ճանապարհը, այդ փուչիկը պայթեց, քանի որ բնապահպանությունը չի կարող մարդասիրությունից բարձր դասվել: Արցախը փակեց Կաշենի հանքավայրը և կոչ արեց միջազգային դիտորդներին գալ և ուսումնասիրել իրավիճակը: Որևէ միջազգային բնապահպանական կազմակերպություն չարձագանքեց, ինչը փաստում է այն մասին, որ խնդիրը որևէ բնապահպանական նշույլ չունի իր մեջ, խիստ քաղաքական քայլ է: Այս առումով, ես ԵԽ բանաձևի մեջ մի փոքր վտանգ եմ տեսնում, որ պետք է խաղաղասերները լինեն ԵԱՀԿ երկրներից՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո, իսկ ԵԱՀԿ երկիր համարվում է նաև Թուրքիան: Սա միակ վտանգն էր, որ կար այդ փաստաթղթում, մնացած ամբողջն Ադրբեջանի համար մեծ իմիջային կորուստ է ներկայացնում»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հրաժարվել է Արցախից. «Կարծում եմ՝ Պրահայում նա ճանաչել է Արցախը իբրև Ադրբեջանի մաս, մեծ հույս ունեմ, որ բանավոր: Հնարավոր է, որ եղած լինեն խոսակցություններ և ակնարկներ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, քանի որ այդ սինքրոն ասուլիսի ժամանակ Ալիևը խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին, խոստովանեց, որ ինքն է մտցրել այդ արտահայտությունը շրջանառության մեջ, և վստահեցրեց, որ ունենալու է հաջողություն: Անգամ ունենալով Պրահայի այս տեսարանը՝ այլ իշխանություն ունենալու պարագայում կարելի է խուսափել այն խոստումներից, որոնք տվել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախին և մեզ որևէ լավ բան չի սպասվում»:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել՝ «Հայաստանում Եվրոպական միության առաքելություն» հիմնելու վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ի պատասխան Հայաստանի դիմումին՝ Առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի «հողի» վրա իրավիճակի մասին, ինչը ԵՄ հնարավորություն կտա ամրապնդել «հողի» վրա ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր ընկալումը: Հայաստանում ԵՄ առաքելության նախնական մանդատի  տևողությունը երկու տարի է,  առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում:

Այս թեմայի վերաբերյալ Նաիրա Կարապետյանը հետևյալն ասաց. «Այստեղ մենք՝ ՀՀ բնակչությունը, ունենք մտածելու մեծ տեղիք. ի՞նչ են անելու օտարազգի պարեկները ՀՀ-ում, ի՞նչ է մեզ սպասվում, և ինչի՞ց նրանք պետք է կարողանան մեզ պաշտպանել: Ինձ մոտ ենթադրությունը միայն այն է, որ կա նաև ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պայմանավորվածություն, և Հայաստանի տարածքում օտարազգի պարեկը կարողանալու է միայն կանխել հայ-ադրբեջանական կենցաղային և ոչ կենցաղային տաք օջախները, որոնք, հնարավոր է՝ վերաբնակեցումից հետո արթնանան: ՀՀ տարածքում ի՞նչ են անելու օտարազգի պարեկները, պատկերացրեք՝ Արարատի մարզի Դավալու գյուղում ի՞նչ պետք է լինի, որ այնտեղ պետք է գա բելգիացի պարեկ: Մեծ վտանգ կա, և օր առաջ պետք է կանգնեցնել մեզ դեպի անդունդը տանող այս թափանիվը՝ միմիայն իշխանափոխությամբ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս