
«Գնա Ըսէ». Ափօ Սահակյանն ու Yellowheart-ը համատեղ երգ են հրապարակել

Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը պարբերաբար հանդես է գալիս երևանյան համերգներով, զուգերգով հանդես է եկել Yellowheart-ի հետ, որի «Ուշ կլինի», «Էլի ես ու դու», «Էլի մենակ» երգերը մեծ ճանաչում են բերել երգչուհուն:
«Գնա Ըսէ» երգի հոլովակն արդեն համացանցում է:
Երգի երաժշտության հեղինակը Ափօ Սահակյանն է, բառերի հեղինակներն են Ափօ Սահակյանն ու Yellowheart-ը, հոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:
Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները: Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:
Yellowheart-ը՝ (Լիլի Առաքելյան) ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում: Սովորել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում: Քոլեջն ավարտել է 2019 թվականին՝ որպես դասական կիթառահար: 2017-ին ընդունվել է Ժորա Սարգսյանի կիթառի դասարան: Մասնակցել է «Վերածնունդ» փառատոնին, «Արտմյուզիք» մրցույթին, Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթին ու զբաղեցրել 1-ին տեղը: Քոլեջն ավարտելուց հետո սկսել է հետաքրքրվել երաժշտական գործիքավորմամբ և էլեկտրոկիթառով: