Հանգուցալուծումը դեռ չի երևում
Արցախում հանկարծակի ծագած ներքաղաքական լարվածությունը նույնքան արագ հանգուցալուծվեց։ Բայց առայժմ չի երևում ճանապարհի ապաշրջափակման հանգուցալուծումը։ Դրա հետևանքով հումանիտար, տնտեսական ու շատ այլ խնդիրներ Արցախում շարունակում են խորանալ։
Մի շարք առաջնային ապրանքներով մարդկանց ապահովելու համար մեկնարկել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը, որը կգործի հունվարի 20-ից։ Սկսվել է կտրոնների բաժանումը։ Առայժմ դա վերաբերելու է 4-5 ապրանքատեսակների, բայց ոչ մի հիմք չկա պնդելու, որ հետագայում այդ ցանկը չի ընդլայնվելու այլ ապրանքների հաշվին։
Հույսերը, որ Արցախի շրջափակումը չի կարող երկար շարունակվել, ու միջազգային հանրության ճնշման տակ կարճ ժամանակում ճանապարհը կվերաբացվի, առայժմ չեն արդարանում։ Միջազգային հանրության արձագանքներն էլ այնպիսին չեն, որ կարող են ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը։
Երկրորդ ամիսն է, ինչ ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ, ինչի հետևանքով վաղուց դադարել են Արցախի բնակչության ու տնտեսության կանոնավոր մատակարարումները։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար որոշ բեռներ հասնում են Արցախ, բայց դրանք չնչին ծավալներ են նախկինում առկա և անհրաժեշտ մատակարարումների համեմատ։
Այս ընթացքում առնվազն 14-15 հազար տոննա կենսական նշանակության տարբեր բեռներ պիտի հասնեին Արցախ, որոնք չեն հասել։
Մատակարարումների բացակայության հետևանքով սրվում են տնտեսական խնդիրները։ Շատ ընկերություններ հարկադրված կանգնել են։
Հրապարակված վերջին տվյալներով, 726 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Խոսքն Արցախում գործող ընկերությունների գրեթե 18 տոկոսի մասին է։
Մինչ այդ Արցախում գործում էր 4,1 հազար տնտեսվարող, մնացել է 3,4 հազարը։
Պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում փակվող ընկերությունների քանակը գնալով կավելանա։
Ընկերությունների փակումը ի վնաս տնտեսության է։ Մինչև շրջափակումն Արցախի տնտեսությունը փորձում էր շրջել մեջքը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով կրած կորուստներից հետո։ Տնտեսությունը բավական բարձր տեմպերով աճ էր արձանագրել նախորդ տարվա համեմատ։
Ինն ամսվա տվյալներով, տնտեսական աճն անցնում էր 18 տոկոսից։ Աճը առկա էր տնտեսության բոլոր ճյուղերում։
Սակայն Արցախը սնուցող ճանապարհի շրջափակումից ու արտաքին աշխարհի հետ կապի արգելափակումից հետո տնտեսական աճի ռիսկերը մեծացան։
Անցած տարվա ցուցանիշները դեռ չեն ամփոփվել, բայց դրանք, անշուշտ, ավելի ցածր կլինեն, քան ակնկալվում էր։ Դեկտեմբերից Արցախի տնտեսությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Հարյուրավոր ընկերություններ, որոնք այս ընթացքում պետք է նպաստեին տնտեսական աճին, դադարեցրել են իրենց գործունեությունը և հայտնվել հարկադիր կանգառի վիճակում։
Բայց այդ ընկերությունների գործունեության դադարեցման պատճառով ի հայտ եկած խնդիրները միայն տնտեսական չեն։ Դրա հետևանքով մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը ու եկամուտ ստանալու հնարավորությունը։
Ընկերությունների փակման պատճառով, նախնական հաշվարկներով՝ արդեն իսկ աշխատանքից զրկվել է առնվազն 3,4 հազար մարդ։ Այդ մարդիկ հայտնվել են հարկադիր գործազրկության մեջ ու զրկվել ապրուստի միջոցներից։
120 հազար բնակչություն ունեցող երկրի համար 3,4 հազար աշխատատեղի կրճատումը լուրջ ցուցանիշ է։ Առավել ևս, որ այդ թիվը շարունակվող շրջափակման ու տնտեսական խնդիրների պատճառով ամեն օրվա հետ ավելանում է։
Գործող տնտեսվարողների գրեթե 18 տոկոսի գործունեության դադարեցումը մեծ հարված է նաև պետական բյուջեի համար։ Բյուջեն զրկվում է դրանց վճարած հարկերից։ Առանց այդ էլ Արցախի բյուջեի սեփական եկամուտները շատ չեն։
Պատկերացնելու համար ասենք, որ այս տարվա համար նախատեսված է ընդամենը 49,8 մլրդ դրամ։
Իհարկե, միայն սրանով չեն սահմանափակվում Արցախի բյուջետային եկամուտներն ու ծախսերը։ Դրանց մեծ մասն բյուջետային վարկի հաշվին են։
Արցախի բյուջեի սեփական եկամուտները, որոնք ձևավորվում են ներքին տնտեսությունից, շատ չեն, սակայն կարևոր դեր ունեն ինստիտուցիոնալ առումով։ Բայց այս փուլում դրանց ստացումն էլ է բախվել խնդիրների հետ՝ տնտեսության մեջ ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով։
Ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը, առայժմ հայտնի չէ։ Ամեն դեպքում, «թունելի վերջում լույսը առայժմ չի երևում»։
Իսկ դա նշանակում է, որ իրավիճակը դեռևս գնում է սրացման ուղղությամբ՝ իր թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական, և թե՛ սոցիալական հետևանքներով։
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը կրում է բազմապիսի զրկանքներ։
Երկրորդ շաբաթն է, ինչ վթարված է մնում էլեկտրահաղորդման այն գիծը, որով Արցախը էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանից։ Ադրբեջանը թույլ չի տալիս այն վերականգնել։ Սկսվել են բնակչության հովհարային անջատումները։ Սկզբում դրանք 2-ժամյա գրաֆիկով էին, հիմա արդեն դարձել են 4-ժամյա։
Պարբերաբար կտրում են նաև գազը։
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով Արցախում փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Ավելի քան 6,8 հազար երեխա չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։ Հունվարի 19-ից ժամանակավորապես դադարեցվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասապրոցեսը։
Արցախում իրավիճակը բոլոր առումներով սրվում է, իսկ հանգուցալուծումն առայժմ չի երևում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ