Բաժիններ՝

Սառեցված միս են բերում էժան գնով, մտցնում շուկա՝ ասելով, թե սոցիալական հարց են լուծում, բայց ստացվում է՝ դեմպինգ են անում. Սերգեյ Ստեփանյան

ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1765-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային քվոտա՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս՝ 11.3 հազ․ տոննա, խոզի միս՝ 7․5 հազ․ տոննա, թռչնամիս՝ 39.1 հազ․ տոննա, և կաթնային շիճուկ՝ 1.2 հազ․ տոննա/ նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:

Որոշմամբ հաստատվել են 2023 թվականի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, թռչնամիս և կաթնային շիճուկ/ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը, ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:

Սա կարգավորման միջոց է, որը հնարավորություն է տալու որոշակի քանակությամբ ապրանք ներկրել ավելի ցածր մաքսատուրքով: Գործիքը կիրառելի է ԵԱՏՄ շրջանակում՝ հաշվի առնելով տվյալ երկրի արտադրության, սպառման և ապրանքների անհրաժեշտության ծավալները:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի գնահատմամբ՝ Կառավարության ընդունած որոշումը լավ չէ տեղական արտադրողի համար:

Կարդացեք նաև

«Սա շատ վատ է, որովհետև ընդհանրապես միջազգային պրակտիկայում քվոտա՝ նշանակում է հակագնագոյացում: Եթե քվոտա ես մտցնում, շուկան բալանսից գցում ես, հատկապես՝ տեղական արտադրությանը: Դա խիստ ծայրահեղ դեպքերում են անում և կարճաժամկետ, իսկ մեզ մոտ երեք տարի է՝ այդպես է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ հավելելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպման ժամանակ իրենց դժգոհությունը հայտնել են՝ ընդգծելով, որ շուկայում այսպիսով հավասար մրցակցություն չի ապահովվում:

«Մսամթերք բերում են այն երկրից, որտեղ ավելցուկ է կամ երկարաժամկետ սառեցված միս է, բերում են էժան գնով, մտցնում շուկա՝ ասելով, թե սոցիալական հարց են լուծում, բայց ստացվում է՝ դեմպինգ են անում: Վրաստանից, Ուկրաինայից, այսպես ասած, թարմ պաղեցված միս են բերում, սակայն բացառվում է, որ այդպես է. սառեցված է: 2.5 կիլոգրամանոց հավեր են, լրիվ բտված՝ անտիբիոտիկներով, խթանիչներով»,- նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:

Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 11-ին հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառմանը, թռչնաբուծարաններում կերային բազայի ապահովմանը, ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031