Նիկոլ Փաշինյան․ մահվան վիճակագիրը
Կառավարման դասական օրենքներից մեկն ասում է՝ լիազորությունը պատվիրակման ենթակա է, պատասխանատվությունը՝ ոչ։ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, այս օրենքը, որը կազմակերպական լինելուց բացի ու դրանից առաջ, բնական օրենք է ու մարդկային, խախտված է անդառնալիորեն։
Ժողովրդավարությունն ասում է, որ պետք է հնարավորինս ապակենտրոնացնել որոշումների ընդունման գործընթացը, այսինքն՝ պատվիրակել, վերապատվիրակել, արտապատվիրակել լիազորությունները՝ վերևից ներքև սկզբունքով։ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության ու իր անձնական վերահսկման ոլորտում է կենտրոնացրել այնքան լիազորություններ, որքանը բավարար կլիներ մի առանձին պետական կառավարման համակարգ ստեղծելու համար (ՊՊԾ, արտաքին հետախուզական ծառայություն, վերահսկողական ամենատարբեր մարմիններ և այլն)։ Կենտրոնացնելով այնքան լիազորություններ, որքան հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ապակենտրոնացրել է պատասխանատվությունը՝ կրկին վերևից ներքև սկզբունքով։
Նա անձամբ երկրում կատարվող որևէ իրադարձության, բացասական ելքով պատահարի համար պատասխանատվություն չի կրում։ Փոխարենը, ցանկացած առանձին դեպքի համար գտնվում ու նշանակվում են պատասխանատուներ, որոնց վրա բարդվում է ամբողջ մեղավորությունը։
Հերթականը՝ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական հրդեհն է, որին զոհ են գնացել 15 զինծառայողներ։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակաները միանգամից նշանակել են պատասխանատուներին և աշխատանքից հեռացրել մի քանի բարձրաստիճան զինվորականների։ Ասվածից ամենևին չի բխում, թե հեռացված զինվորականները չէին կարող մեղավոր լինել կատարվածի համար, մեծ հավանականությամբ, նրանք ունեն իրենց մեղքի բաժինը։ Բայց դրանից էլ ամենևին չի բխում, թե միայն նրանք են պատասխանատու տեղի ունեցածի համար։
Բանակը հսկայական համակարգ է, որի գլխավոր պատասխանատուն պաշտպանության նախարարն է, բայց հավասարապես՝ նաև նրա ղեկավարը, մեր դեպքում՝ վարչապետը։ Բայց նրանք, սովորության համաձայն, պատասխանատվություն չեն կրում՝ բավարարվելով դեմքի վշտաբեկ արտահայտություն խաղալով ու մեկ րոպե լուռ ոտքի կանգնելով։ Այն դեպքում, երբ իրավական, ժողովրդավարական երկրում պաշտպանության նախարարը պետք է արդեն իսկ հրաժարական ներկայացրած լիներ՝ չսպասելով իր ենթականերին աշխատանքից ազատելուն, իսկ երկրի ղեկավարը պետք է կրեր առնվազն քաղաքական պատասխանատվություն։ Բայց քանի որ ոչ Հայաստանն է բովանդակորեն պետության նման, ոչ պաշտպանության նախարարը՝ նախարարի, ոչ էլ վարչապետը՝ երկրի ղեկավարի, տեղի է ունենում պատասխանատվության հերթական «պատվիրակումը», որն ավելի պարզ լեզվով կոչվում է՝ փախուստ պատասխանատվությունից։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, մեծ հաշվով մեղավոր չէ՝ այնքանով, որքանով կարելի է անմեղ համարել բազմակի անգամ հանցագործություն կատարողին ու չպատժվողին։ Նա սովորել է պատասխանատվություն չկրել և առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե հաջողացրել է իշխանությունը պահպանել 4000-ից ավելի զոհերից, Արցախի մեծ մասը հանձնելուց, Հայաստանը թշնամու տեղակայման վայր դարձնելուց հետո, կարող է պատասխանատվություն չկրել նաև կամայական զորամասում 15 զոհ արձանագրվելու պարագայում։
Նիկոլ Փաշինյանը սովորել է վարժ հաշվել մահերը, որոնք արձանագրվում են իր ու իր իշխանության մեղքով։ Նա դարձել է մահվան վիճակագիր, որից որևէ մեկը հաշվետվություն չի պահանջում։ Նրա իշխանության յուրաքանչյուր հաջորդ օրը նոր մահեր արձանագրելու ու պատասխանատվության չենթարկվելու ինդուլգենցիա է, որը հասարակությունը Նիկոլ Փաշինյանից վերցնելու ցանկություն կամ կարողություն առայժմ չունի։
Հարություն Ավետիսյան