Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը մնացել են Սասնա ծռերը. Կարապետ Պողոսյան

«Այսօր այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կապված է Արցախի հետ, որովհետև հայության անվտանգության սահմանը և առհասարակ մեր լինել-չլինելու հարցը կապված է Արցախի հետ: Սյունիքի հատվածում և կոնկրետ Բերձորում գտնվում են խաղաղապահ ուժեր, իսկ Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազան: Այսինքն՝ մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունեն: Արցախի խաղաղապահները, եթե նույնիսկ դուրս գան, մաքսիմում հասնելու են մինչև Գորիս, նրանք որևէ պարագայում Գյումրիում չեն լինելու: Խաղաղապահն ունի այլ առաքելություն, ռազմաբազան՝ բոլորովին այլ»,- 168.am-ի եթերում, անդրադառնալով Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ)՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ արդեն 2-րդ կիրակին իրականացրած բողոքի ակցիաներին, դրանց պատճառներին ու իրական նպատակներին, ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ իր համար հասկանալի է, որ ԱԺԲ վերանվանված Սասնա ծռերը և Նիկոլ Փաշինյանը փոխկապակցված են միմյանց հետ:

«Ես միանշանակ Սասնա ծռերին կապում եմ այսօրվա իշխանությունների հետ: Նրանց երկուսի կառավարման կենտրոնը հաստատ մեկն է՝ պայմանական Սորոս, թե Արևմուտք, արդյունքը նույնն է: Այդ մարդիկ որևէ գաղափարական հենք չունեն: Գյումրի են գալիս հանգստյան օրը, որ որևէ բան իրենց աշխատանքին կամ առօրյային չխանգարի, կանգնում են շտաբի մոտ, ուր կիրակի օրը երևի մենակ պահակն է լինում ու էլի 1-2 մարդ: Լրիվ ձևական բնույթ կրող միջոցառում է: Արդեն ժամը 18:00-ին ստանդարտ կերպով, հենց աշխատանքային ժամն ավարտվում է, թողնում-գնում են: Գաղափարական մարդկանց համար աշխատանքային ժամեր ու հանգստյան օրեր չեն լինում»,- ասաց Կարապետ Պողոսյանը:

Գյումրեցի իրավապաշտպանը կարծում է՝ ԱԺԲ-ի ակցիայով Նիկոլ Փաշինյանն իր համար հարթակ է ստեղծում, որպեսզի այն կարողանա օգտագործել Ռուսաստանի հետ «բազարներ» անելիս, փորձում է ցույց տալ՝ տեսեք, այստեղ կան դժգոհող մարդիկ, ես ոստիկանություն եմ ուղարկում, նրանք իբր թույլ չեն տալիս:

Կարդացեք նաև

«Սասնա ծռերն ընդամենը Նիկոլ կեղտոտ գործը կատարողներից մեկն են: Այսօրվա իշխանությունն առհասարակ սնանկ է, նրա որևէ գործիք չի աշխատում: Փաշինյանի՝ տարվա սկզբին տված ասուլիսն ամբողջովին սադրանք էր, մանիպուլյացիաներ, նպատակ ուներ հնարավորինս ինչ-որ բան խառնելու թե սահմանում, թե երկրի ներսում: Սահմանում չստացվեց, իսկ ներսում, բարեբախտաբար, ինքը չկարողացավ որևէ մեկի սադրել, և նրա վերջին հույսը մնացել են Սասնա ծռերը»,- ասաց Կարապետ Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ ակցիայի օրն իրեն են մոտեցել բավական բարձրակարգ տաքսիով Գյումրի ժամանած մարդիկ ու հարցրել՝ որտեղ է բազան:

«Իրենց հագուկապին նայելով՝ պարզ էր, որ այդ մարդիկ հաստատ չունեին այդքան գումար, որ թանկարժեք տաքսի վարձակալեին, հասնեին Գյումրի: Հստակ երևում էր, որ իրենց փոխարեն վճարված էր, ու նրանք եկել էին զուտ գլխաքանակ ապահովելու համար, որովհետև այդ մարդիկ չէին էլ պատկերացնում, թե այդտեղ ինչ պետք է անեն»,- ասաց գյումրեցի իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ ցուցարարների շարքերում գյումրեցիներն այնքան քիչ էին, որ դեմքով, անուն-ազգանունով բոլորին ճանաչում էինք: Գյումրիում հակառուսական ակցիաներ իրականացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Գյումրեցիները շատ լավ պատկերացնում են, որ ռազմաբազան հանելով՝ Բերձորի հարց չի լուծվում, փոխարենն առաջանալու են անվտանգային ու սոցիալական խնդիրներ:

Անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական գործարար պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ այսօր Խորհրդարանում արած այն հայտարարությանը, թե՝ «Այսպես կոչված, Արցախի հարցը լուծվել է ռազմական ճանապարհով. մնացածը տեխնիկական պրոցես է։ Իհարկե, արցախցիները կարող են ապրել ադրբեջանցիների հետ. իհարկե կարող են։ «Արցախի հայկական բնակչությունը չի կարող ապրել ադրբեջանցիների հետ» թեզը Հայաստանի ներքաղաքական կյանքը պղտորելու նյութ է…», Կարապետ Պողոսյանն ասաց՝ ինքը մտածում էր, որ լինելով ֆինանսապես ապահովված մարդ, Գուրգեն Արսենյանը պիտի որ չվաճառվեր:

«Խոսքերիս համար թե դատարանում, և թե փողոցում պատրաստ եմ պատասխան տալ, բայց սա ծախու, վարձկան, անհայրենիք մարդու խոսք է: Սա ընդամենը copy-paste էր արված և թարգմանված էր ադրբեջաներենից հայերեն, ու տվել էին Գուրգեն Արսենյանին կարդալու: Իրականում ես վերջերս շատերին եմ հակված ուղարկելու գենետիկական անալիզի, և այդ ցուցակում ավելացավ նաև Գուրգեն Արսենյանի անունը»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս