«Մեզ կփրկի արթնանալը, մեր մուտքից այն կողմ տեսնելը, «իմ ու քո» , «սև ու սպիտակ» «հայաստանցի-արցախցի» չանելը». Արփի Վանյան
Արդեն 37-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ՝ Արցախն ու 120 հազար արցախահայեր ամբողջությամբ գտնվում են շրջափակման մեջ։ Խաթարվել է բոլորի առօրյան, կյանքն առհասարակ, բայց բոլորի մոտ մեկ բան հստակ է՝ պայքարել ու ապրել Արցախում։
168.am-ը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է ծնունդով հադրութցի գրող, լրագրող, սցենարիստ Արփի Վանյանի հետ։ Նրա ծննդավայր Հադրութը 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն օկուպացրել է։
– Արփի, արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, ինչպե՞ս են ապրում շրջափակման պայմաններում արցախցիները, և Դուք՝ որպես ստեղծագործող մարդ, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Արցախցին ավելի քան ամուր է, դա գիտեն արդեն անգամ նրանք, ովքեր այդ կարծիքին չէին։ Դժվար ժամանակներ են, ծանր ժամանակներ։ Բայց մարդիկ չեն ընկճվում։
Սննդի մեծ դիֆիցիտ կա, իրար օգնելով՝ գտնում են, որպեսզի ոչ ոք սոված չմնա։ Բանջարեղեն ու միրգ վաղուց արդեն չկա։ Դեղորայքի խիստ պակասություն կա։ Լույս, գազ աշխատում են խափանումներով․ ով կարողանում է՝ վառարան ու վառելափայտ է ձեռք բերում։
Բայց մի բան հստակ է՝ ավելացել է սերն ու ջերմությունը։ Դա միայն կարող են հասկանալ նրանք, ովքեր ապրել են Արցախում դեռ 90-ականներին։ Երբ տարիներ շարունակ ռմբակոծության տակ, շրջափակման պայմաններում, պատերազմական իրավիճակում ապրում էինք նկուղներում։ Չկար լույս, չկար գազ, չկար ուտելիք, օրերով նկուղից գլուխներս անգամ դուրս հանել չէինք կարողանում, բայց ջերմանում էինք մեկս մյուսով։ Ում նկուղում փայտ կար՝ նրա վառարանի մոտ էինք տաքանում, ում տանը հաց կար՝ նրա սեղանի շուրջ էինք հավաքվում։ Ցավն էլ բոլորինն էր, հույսն ու հավատն էլ հավասար կիսում էինք․․․
Այսօր կրկին նույնն է, բացի հավատից․․․ Հավատի հետ խնդիր կա ու մի մեծ հարցադրում․ «Այո, դիմանանք որքան որ պետք է՝ արցախցին սովոր է դրան, բայց հասկանանք՝ հանուն ինչի՞ ենք դիմանում, ի՞նչ «ծրագրի» շրջանակներում ենք դիմանում»։
Ես, ինչպես նշեցիք, ստեղծագործող մարդ եմ, և իմ օրը սկսում ու ավարտվում է Արցախի համար աղոթքներով։ Ես մեր Հայրենիքի համար Աստծուց ՀՐԱՇՔ ԵՄ աղերսում․․․
– Արցախի շրջափակման պայմաններում ո՞րը պետք է լինի մեր անելիքը, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է հաղթահարեն հերթական դժվարությունը, որը բաժին է հասել 120 հազար արցախահայերի։
– Սա միաժամանակ և դժվար, և հեշտ հարց է։
Եթե այս հարցը տայիք մի քանի տարի առաջ, կասեի՝ համախմբվենք հայերով, ամրացնենք բանակը, զենք ձեռք բերենք, լավ դաշնակիցներ ձեռք բերենք, նոր սերնդի մեջ ամրացնենք հայրենատեր լինելու գաղափարը։ Կասեի՝ պայքարենք բոլոր ոլորտներում՝ բանակ, կրթություն, գիտություն, դիվանագիտություն․․․
Հիմա էլ եմ ուզում դա ասել, բայց հասկանում եմ, որ այժմ սա հեքիաթի ժանրից է թվում։
Հիմա այս ամենն այն աստիճանի է քանդված, փլատակների վերածված, որ ես իսկապես չգիտեմ, թե ինչը կփրկի։ Թեկուզ, իհարկե, մի բանում համոզված եմ՝ մեզ կփրկի արթնանալը, մեր մուտքից այն կողմ տեսնելը, «իմ ու քո» , «սև ու սպիտակ» «հայաստանցի-արցախցի» չանելը։ Մենք պիտի սթափվենք ազգովի ու որոշենք՝ ուզո՞ւմ ենք կորցնել մեր պետականությունը, թե՞, այնուամենայնիվ, պայքարենք։
– Ի՞նչը հայությանն օգնեց հաղթանակ տանել 90-ականներին և ազատագրել Արցախի տարածքները, ի՞նչն է այսօր մեզ խանգարում նույնը կրկնելու։
– Օ՜, ես հիշում եմ այն ժամանակների ոգին։ Ես ազատամարտիկի դուստր եմ։ Իմ ընտանիքի, շրջապատի, բարեկամ-հարազատների բոլոր տղամարդիկ մարտի դաշտում էին։
Գիտե՞ք, թուրք-ազերին երբեք չի փոխվել՝ նա միշտ նույն արնախումն է․ Մարտերը ընթանում էին մեր տնից մի 4 կիլոմետր այն կողմ, մեր դիմացի լեռներում նաև, իսկ մենք մեր երիտասարդ մայրիկի հետ նկուղում էինք ու համոզված, որ թուրքի ոտքը Հադրութ չի մտնի։ Մենք, իրոք, համոզված էինք, ես դա շա՜տ լավ ու շա՜տ հստակ հիշում եմ։
Երբ հորս հարցնում էի՝ որ թուրքը մտնի Հադրութ՝ ի՞նչ ենք անելու, հայրս ասում էր․ «չի կարա մտնի, դուք այստեղ եք, մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը կռվելու ենք։ Թուրքը վախկոտ է, նա ո՞վ է, որ անցնի մեր սահմանը»։ Ասում էր, որ ազերիները քաջություն չունեն Հադրութ մտնելու, քանզի գիտեն, որ Հադրութ մտնողն այնտեղից ողջ դուրս գալ չի կարող։
Այն ժամանակ բոլորն ունեին միայն մեկ նպատակ, միայն մեկ ցանկություն, միայն մեկ պայքար, միայն մեկ երազանք։ Այն ժամանակ բոլորն անխտիր հայրենատեր էին։ Ու դա էր մեր հաղթանակի գրավականը՝ լինել ՀԱՅՐԵՆԱՏԵՐ։
– Դուք Հադրութից եք, որն այժմ թշնամու օկուպացիայի տակ է, ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել Ձեր տան, հողի կորստի ցավը, ի՞նչ գույն ունի Հադրութը Ձեզ համար։
– Չեմ կարողանում հաղթահարել, և ոչ մի հադրութեցի չի կարողանում հաղթահարել այդ ցավը։ Քանզի հաղթահարել՝ կնշանակի համակերպվել։ Իսկ մենք չենք ուզում ու չենք համակերպվելու։
Մենք փորձում ենք շարունակել ապրել, մեզ զբաղեցնում ենք աշխատանքով, առօրյա հոգսերով, բայց ամեն պահի Հադրութը յուրաքանչյուրիս աչքերի մեջ է։ Մենք նայում ենք իրար և տեսնում Հադրութը․․․
Հադրութն ինձ համար տատիս շալի գույնն ունի․․․ ու նրա ժենգյալով հացի բույրը․․․
․․․Հադրութն այն տեղն է, ուր ես դեռ պիտի վերադառնամ, որովհետև ծաղիկներ ունեմ խոնարհելու ծնողներիս, տատ ու պապիս գերեզմաններին։
– Դուք ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, ինչպիսի՞ն է Ձեր ունեցած տեսլականը։
– Ես տեսնում եմ Արցախն ազատ, անկախ, հայության կենտրոն, իր նախկին սահմաններով, երջանիկ մարդկանցով, հզոր բանակով, ծաղկուն ու խաղաղ։ Ես այդպես եմ ուզում, ես այդ մասին եմ աղոթում, ճիշտը դա է, արդարը դա է և՛ մարդկության, և՛ Աստծո օրենքներով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Առ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։