«Մենք աստղային փոշի ենք»՝ երիտասարդ գիտնական Վաչիկ Խաչատրյանին տպավորած բացահայտումն ու նրա մեծ նպատակները․ 10 հարց գիտնականին
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, երիտասարդ հետազոտող Վաչիկ Խաչատրյանին գիտություն բերեց սերը մաթեմատիկայի ու մաթեմատիկոս հորեղբոր հանդեպ։ Հետո արդեն ամեն ինչ իր հունով ընթացավ, երբ աշխատասիրությունն ու անընդհատ պրպտելու ձգտումը գնահատվեցին ու երիտասարդ գիտնականի առջև տարբեր դռներ բացվեցին։ Ֆիզիկայի ինստիտուտում հետազոտական աշխատանքին զուգահեռ նաև ներգրավված էր ինդուստրիայում՝ մեքենայական ուսուցման ինժեների կարգավիճակով, բայց եկավ մի շրջան, երբ որոշեց կուտակած փորձն ու կապերն ամբողջովին նվիրել տիեզերագիտության զարգացմանը։ Այս մասին գրում է «Արմենպրեսը»։
Վաչիկ Խաչատրյանը նաև եղել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի FAST Fellowship ծրագրի շահառուներից։ Արշավների, էքստրեմալ սպորտաձևերի սիրահար գիտնականի՝ առավոտյան արթնանալու մոտիվացիան ավելի լավ Հայաստանի տեսլականն է։
– Կպատմե՞ք մի փոքր հիմա ինչով եք զբաղվում։
– Այս պահին ամբողջությամբ զբաղվում եմ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքներով, որը հիմնադրել ենք շուրջ երկու տարի առաջ։ Հետազոտական կենտրոնի նպատակն է Հայաստանում տիեզերական սարքաշինության, տարբեր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, ինչպես նաև մարդկային ռեսուրսների զարգացումը։ Մենք համոզված ենք, որ տիեզերական գործունեությունը կարող է լոկոմոտիվ դառնալ այլ ոլորտների համար։ Բանը նրանում է, որ այստեղ բարդ խնդիրներ են առաջ քաշվում, հետևաբար ավելի շատ տեխնոլոգիական լուծումներ են պահանջվում, ինչի զարգացումն էլ բերում է կրթության ու տնտեսության առաջընթացին։ Մեր ուսումնասիրությունները հետագայում կարող են ծառայեցվել պաշտպանական, գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական ու այլ ուղղություններով ռեսուրսների մշտադիտարկմանն ու առկա խնդիրների լուծմանը։ Բազումքում այս պահին մի քանի նախագծերի վրա ենք կենտրոնացած, դրանցից մեկը բարձր մթնոլորտային հարթակների հետազոտությունն է, որով փաստացի սկսել ենք մեր գործունեությունը։
Մինչ լաբորատորիայի հիմնումը, մենք խմբով մի նախագծի վրա էինք աշխատում, որով ցանկանում էինք օդապարիկ բաց թողնել դեպի ստատոսֆերա (վերնոլորտ՝ Երկրի մակերևույթից 10-50 կմ բարձրության վրա)։ Նման դեպքերում օդապարիկից կախում են օգտակար բեռ, որի մեջ կան տեսալուսանկարահանող սարքեր, տարբեր սենսորներ, որոնք ապահովում են կապն օդապարիկի հետ։ Սկզբում այն օդ են բարձրացնում, կատարում անհրաժեշտ նկարահանումները, հետո օդապարիկը պայթում է և օգտակար բեռը պարաշյուտով իջնում է ներքև, այնուհետև գտնում են օդապարիկն ու ստացված կադրերով տեսնում, թե Երկիրն ինչ տեքս ունի վերևից։ Դիմեցինք Awesome հիմնադրամին, ֆինանսավորում ստացանք նախագիծն իրականացնելու համար ու անցանք գործի։ Բավականին երկար տևեց, համավարակը խանգարեց, ամեն դեպքում կարողացանք ծրագիրն ավարտին հասցնել։ Երկու անգամ բաց թողեցինք օդապարիկն ու բարեհաջող կերպով տեսանյութերը վերցրինք, կազմակերպեցինք նաև միջոցառում օդապարիկի բաց թողնելու գործընթացին հանրությանը ներգրավվելու համար։ Դրան զուգահեռ, Գիտության կոմիտեն երեք տարվա դրամաշնորհ հայտարարեց, մասնակցեցինք, շահեցինք ռոբոտիկայի ուղղությամբ դրամաշնորհը, սկսեցինք դրա շուրջ հավաքվել ու հիմա ավելի մեծ մասշտաբների օդապարիկների՝ կառավարելի բարձր մթնոլորտային հարթակների ուղղությամբ հետազոտություններ ենք իրականացնում։ Լրացուցիչ ֆինանսավորում էլ ներգրավելով՝ կարողացանք փոքր թիմ ձևավորել ու ստեղծվեց Բազումքը։
Մյուս ուղղությունը, որը մեր հիմնական նպատակակետերից է, մաքուր տիեզերական՝ ենթաուղեծրային և ուղեծրային սարքեր ունենալն է։ Դա ենթադրում է տարբեր արբանյակներին տիրապետում, որի ուղղությամբ էլ համագործակցություններ ենք սկսել։ Առաջին քայլով մեզ մոտ տեղադրեցինք վերերկրյա կայան, որի միջոցով հնարավոր է արբանյակներից տվյալներ ստանալ։ Ընթացքում կապեր ձևավորվեց Ֆրանսիայի Վերսալի համալսարանի հայ պրոֆեսորի` Ալեն Սարկիսյանի, ղեկավարած խմբի հետ, որը գլոբալ եղանակային մշտադիտարկում է իրականացնում փոքր խորանարդաձև արբանյակի (cubesat) միջոցով։ Մեր վերերկրյա կայանի միջոցով, երբ նրանց բաց թողած արբանյակը հայտնվում է Հայաստանի տարածքում, պետք է ստանանք տվյալներն ու փոխանցենք իրենց, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ունեցել ենք նաև երկուստեք այցեր, որոնք շատ լավ հնարավորություն են փորձի փոխանակման համար։
-Ինչպե՞ս որոշեցիք շարունակել գիտնականի ուղին
-Գիտելիք ստանալու ցանկությունն ինձ մոտ դեռ մանկուց է ձևավորվել, քանի որ ընտանիքում դա միշտ գնահատված է եղել։ Տանը, երբ տեսան, որ ցանկություն ունեմ սովորելու, աջակցում-խրախուսում էին, որ ուրիշ բաներով չզբաղվեմ, միայն սովորեմ։ Այդ պատճառով էլ երեք դպրոց եմ փոխել, ընտրությունը կանգ է առել այն դպրոցի վրա, որը հնարավորինս կբավարարեր կրթվելու իմ կարիքը:
Ինձ համար նաև մոտիվացիա է եղել մաթեմատիկոս հորեղբայրս, ով երիտասարդ տարիքում է կյանքից հեռացել ու ինձ իր անունով են կնքել: Միշտ հավատացած եմ եղել, որ պետք է նրա գործը շարունակեմ։ Շատ էի սիրում մաթեմատիկան ու դպրոցում ավելի շատ բնագիտական ուղղություններն էին ինձ հետաքրքրում: Նաև ինժեներություն էի սիրում, ինչ-որ բաներ քանդել-հավաքելու ու պատրաստելու գործընթացը:
Հետո ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ։ Երրորդ կուրսում հնարավորություն ստացա մեկնել ԱՄՆ ու երեք ամիս այնտեղ աշխատել: Այդ տարի նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) էի աշխատանքի առաջարկ ստացել ու սիրով ընդունել էի այն: Ինձ մոտ շարունակական կրթություն է եղել, չեմ էլ նկատել՝ ինչպես եմ գնացել գիտության ուղիով: Առարկան ինձ հետաքրքրում էր, սովորում էի, գրքեր կարդում, անցնում հաջորդ փուլերին։ Որպես օրինակելի կերպարներ ինձ համար միշտ գիտնականներն ու ինժեներներն են եղել: Կարծում եմ՝ հենց դա է նպաստել գիտությամբ շարունակելուն:
Ֆիզիկայի ինստիտուտում բավականին երկար եմ աշխատել, նաև թեկնածուական աշխատանքս եմ այնտեղ պաշտպանել: Հաշվի առնելով Հայաստանում գիտության ֆինանսավորման վիճակը՝ զուգահեռ նաև ինդուստրիայում էի աշխատում՝ որպես մեքենայական ուսուցման ինժեներ։ Ընթացքում նաև ծրագրավորում էի սովորում, զարգացնում այդ հմտություններս: Համատեղելը հնարավոր էր, որովհետև այն օգնում էր հետազոտական աշխատանքին:
Տարբեր ընկերություններում աշխատանքի ընթացքում զբաղվում էի տարբեր բարդ խնդիրների լուծմամբ, որոնք պահանջում էին տվյալների հավաքագրում և վերլուծություն, ապա նաև կիրառական արտադրանքի մշակում, նույնիսկ որոշ դեպքում ստացված արդյունքներից հոդված էլ ենք տպագրել, այսինքն՝ գիտությամբ զբաղվելու ամբողջ գործընթացն ապահովված էր: Ու այդ գիտելիքը հետո ես օգտագործում էի արդեն որպես գիտնական իմ հետազոտություններում. մեքենայական ուսուցման մեթոդներով տվյալների մշակում եմ իրականացրել ու հոդված հրապարակել։ Թեկնածուականս պաշտպանելուց հետո արդեն ամբողջ դրույքով էի զբաղվում մեքենայական ուսուցմամբ, գիտությունը, կարելի է ասել, դարձել էր հոբի, բայց երբ հիմնադրեցինք Բազումքը, մտածեցի՝ պետք է կուտակած գիտելիքն ու կապերը ծառայեցնել տիեզերագիտության զարգացմանը Հայաստանում: Մենք թիմով հավատում ենք, որ այս ուղղությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, նաև ամբողջ աշխարհի համար: Գլոբալ մակարդակում փոփոխություն բերելու ցանկությունն ավելի է մոտիվացնում մեզ:
-Երբ դեռ գիտական գործունեությամբ չէիք զբաղվում, ո՞վ էր գիտնականը Ձեզ համար:
-Երևի ես մի քիչ սխալ պատկերացում ունեի գիտնականների մասին, որովհետև կարծում էի, որ նրանք նոր բան են մտահղացնում ու դա պատրաստում: Այսինքն՝ ամբողջ ցիկլը գցում էի միայն գիտնականի վրա։ Բայց պարզվում է գիտնականներն այն մարդիկ են, ովքեր նոր գիտելիք են ստեղծում․ նրանք հիպոթեզ են առաջ քաշում, հետո իրականացնում են հետազոտություն, ինչի արդյունքում ծնվում է հոդվածը, որը տեղ է գտնում գիտական ամսագրերում։ Բայց որ անկեղծ լինեմ, ես ինձ ավելի շատ իմ առաջվա պատկերացումներով գիտնականներից եմ համարում, որովհետև, ինչպես արդեն նշեցի, նաև ինժեներության կտորն եմ սիրում՝ նոր բան նախագծելն ու սեփական ձեռքերով պատրաստելը։ Ավելին, գուցե գիտնականի աշխատանքի մեջ ամենաշատը հենց հոդված գրելը չեմ սիրում, որովհետև բյուրոկրատիան շատ է ու ժամանակատար։ Իրականում շատ գիտնականներ էլ հոդված գրելու պրոցեսը չեն սիրում, որովհետև նրանք ավելի շատ նախընտրում են խնդիր լուծելն ու իրենց արդյունքն անընդհատ լավացնելը, իսկ ամեն նոր բարելավում մի նոր հոդված կարող է դառնալ։
Դրա համար տարբեր ինստիտուտներում ու հետազոտական կենտրոններում գիտական խմբերին կցված են լինում մարդիկ, ովքեր զբաղվում են հոդվածը գրելով, նրանք ավելի լավ գիտեն՝ ինչպես ճիշտ ձևակերպել տեքստը, որ այն ընդունվի գիտական ամսագրի կողմից։ Նույնը նաև վերաբերում է դրամաշնորհներին դիմելուն․ երկար ժամանակ նստում-կազմում ես հայտը՝ մրցույթի չափանիշներին համապատասխան, բյուջե ես մշակում, այո, այդ ամենը գիտության մաս է, բայց դա գիտնականից խլում է իր ստեղծարար ժամանակը։ Շատ լավ կլինի, որ այդպիսի գործերն արվեն այլ մասնագետների կողմից, ովքեր տեքստերի հետ աշխատելու ներուժ ունեն։ Սա էլ առանձին հմտություն է, որը պետք է զարգացնել, ինչն էլ, կարծում եմ, ավելի արդյունավետ կդարձնի գիտական խմբերի աշխատանքը։
-Կա՞ն գիտնականներ, որ Ձեզ համար օրինակելի կերպար են։
-Այդպիսի գիտնականի վառ օրինակ է Կարլ Սագանը, ով, ցավոք, հիմա ողջ չէ, բայց մոտիվացիայի անսպառ աղբյուր է ինձ համար։ Հատկապես գնահատում եմ գիտական բարդ թեմաները հանրությանը հանրամատչելի ներկայացնելու նրա տաղանդը։ Ինքն ունի «Cosmos» անվանումով տիեզերքի վերաբերյալ 13 մասից բաղկացած ֆիլմաշար, որը, չեմ վախենա ասել, որ աշխարհայացք է փոխում։ Բոլորին խորհուրդ կտամ դիտեն ու հասկանան, թե ինչպես պիտի վերաբերվեն Երկիր մոլորակին, որ այն շարունակի մնալ բնակելի։
Նաև կուզեի նշել իմ գործընկեր Ավետիք Գրիգորյանին, ում գործունեությունը ևս շատ ոգևորող է։ Նա իրեն այնքան էլ գիտնական չի համարում երկար ժամանակ գիտական գործունեությամբ չզբաղվելու պատճառով, բայց նրա մտածելակերպն ու մոտեցումներն իրական գիտնականին բնորոշ հատկանիշներ են։ Նա, 1988 թվականից սկսած, տիեզերագիտության ուղղությամբ անվճար խմբակներ է վարում երեխաների համար ու նրանց մեջ սերմանում հետաքրքրություն գիտության հանդեպ ու բավականին լուրջ գիտելիք փոխանցում։ Ես էլ, մեր լաբորատորիայի մյուս հիմնադիրներն էլ եղել ենք Ավետիք Գրիգորյանի սաները։ Ու ուրախ եմ, որ ի վերջո կարողացանք նրան կտրել իր ոչ գիտական գործերից ու միասին ստեղծեցինք Բազումքը։
-Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ուզում է դառնալ գիտնական։
-Երևի մինչև ասելը, կուզենայի խոսել այն մասին, թե ես ինչ հանրամատչելի գործունեությամբ եմ զբաղվում։ Հիմնական կենտրոնացումն, իհարկե, Բազումքի վրա է, սակայն դրանից բացի եղբորս հետ հիմնադրել ենք փոքրիկ բիզնես՝ կրթության ոլորտում սոցիալական պատասխանատվության բաղադրիչով։ Մեր ընկերության անունը SpaceShop42 է, որը աստղադիտակների մասնագիտացված առցանց խանութ է, տրամադրում ենք խորհրդատվություն, իրականացնում ենք աստրոտուրեր, սեմինարներ ենք կազմակերպում, թիրախում ենք պահում նաև գյուղաբնակ երեխաներին, փորձում ենք նրանց մեջ զարգացնել սերը գիտության հանդեպ։ Նրանց համար նաև աստղադիտում ենք իրականացնում ու զգում ենք՝ ինչպես է ինչ-որ բան փոխվում նոր սերնդի մեջ։ Նրանք տեսնում են իրենց աշխատանքը սիրող, դրանից հաճույք ստացող, երջանիկ ու բարեկեցիկ ապրող գիտնականների, այդպիսով գիտնականն ինքնըստինքյան դառնում է օրինակ, ում ուզում են նմանվել։ Տարբեր վեբինարներ ենք կազմակերպում, փորձում տիեզերագիտության վերաբերյալ հայերեն բովանդակություն ստեղծել։ Բացի դրանից՝ ունենք նաև բլոգ, որտեղ տարբեր թեմաներով հանրամատչելի հոդվածներ ենք պատրաստում։ Թիմում կան դպրոցական երեխաներ՝ Վարդենիսից, Ջավախքից, Կապանից, ովքեր հեռավար աշխատում են մեզ հետ, ու միասին ստեղծում ենք բլոգային հրապարակումները։ Դա նաև նրանց մոտ աշխատանքային մշակույթն է զարգացնում, ինչը ևս շատ կարևորում ենք։
Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա որպեսզի երեխաների մոտ առաջանա գիտնական դառնալու ցանկությունը, պետք է անընդհատ տեղ հասցնենք ասելիքը, թե ինչու է պետք գիտությամբ զբաղվել։ Երբ երեխայի մոտ այդ հարցն առաջանա, մնացածը տեխնիկական է։ «Ինչո՞ւ անելն» աշխարհայացքի փոփոխման հարց է, «ինչպե՞ս անելն» արդեն տեխնիկական է։ Ես նրանց խորհուրդ կտամ, որ լինեն հետաքրքրասեր, ուսումնասիրեն աշխարհը, ընդհանրապես չամաչեն հարցեր տալուց, փորձեն գտնել այդ հարցերի պատասխաններն ինքնուրույն կամ այլ մարդկանց միջոցով։ Երկրորդը՝ լինեն պատասխանատու ու կարգապահ։ Պատասխանատվություն ասելով նկատի ունեմ հանձնառությունն ու հետևողականությունը, որ, ինչքան էլ շեղեն, իրենք շարունակեն իրենց ուղին։ Սահմանեն նպատակներ, հասնեն դրանց, լինեն բարեխիղճ ու ճշտապահ։
Երրորդն էլ՝ անկեղծ լինեն, եթե չի ստացվում, խոսեն այդ մասին, օգնություն խնդրեն, ինքնախաբեությամբ չզբաղվեն։ Մենք էլ շատ բաներ չգիտենք, հետո ինչ, որ լաբորատորիա ենք հիմնել, ամեն օր մի նոր բան ենք սովորում։ Երբ անկեղծ ես լինում, խնդիրդ կարողանում ես հստակ ձևակերպել ու լուծել։ Այս երեք կետը պետք է լինեն ցանկացած մարդու արժեհամակարգի հիմքում՝ սիրել, լինել պատասխանատու և անկեղծ։
-Ո՞րն է Ձեզ ամենաշատ տպավորած բացահայտումը։
-Էլի պիտի հիշատակեմ Կարլ Սագանին, ով իր հետազոտություններով պարզել էր, որ Վեներան առաջ եղել է ավելի նպաստավոր պայմաններով մոլորակ, բայց ջերմոցային գազերի հետևանքով իր վրայի ջերմաստիճանն ամենաբարձրն է արեգակնային համակարգում՝ կազմելով 450 աստիճան։ Այդ վտանգը սպառնում է նաև Երկրին ու, եթե այսպես շարունակվի, Երկիրն էլ կդառնա ոչ բնակելի մոլորակ։
Թեկնածուականիս մեջ էլ մի արտահայտություն եմ մեջբերել Կարլ Սագանից, որը շատ է ինձ տպավորել։ Նա ասում էր “we are a stardust”, մենք աստղային փոշուց ենք առաջացել։ Իմ թեկնածուականը վերաբերում էր տիեզերքում նյութերի ստեղծման ու առաջացման պրոցեսներին, դրանց տարածվածությանը ու այն հարցին, թե ինչու են ինչ-որ տարրեր ավելի շատ։ Երկրի վրա ծանր մետաղները, օրինակ, ոսկին, կամ մարդու օրգանիզմում եղած մետաղներն առաջացել են աստղերի պայթյունից, ու Սագանն ասում է, որ եթե չլիներ այդ պայթյունը, մարդը չէր առաջանա, քանի որ մեր կենսագործունեության համար շատ կարևոր են այդ տարրերը։ Գուցե այլ ձևով առաջանայինք, բայց ոչ այն տեսքով, ինչ հիմա կանք։
Մի ուրիշ հետաքրքիր բացահայտում էլ վերաբերում է ծառերի զանգվածին։ Ես միշտ կարծել եմ, որ ծառը սնվում է հողից ու մեծանում, բայց տեսած կլինեք կան կախովի ծառեր կամ ծաղիկ եք աճեցնում, բույսն աճում, մեծանում է, բայց հողը չի փոքրանում։ Իրականում դա օդից է գալիս, բույսերն օդից ածխաթթու գազ են վերցնում, մաքրում են օդն ու դրա հաշվին մեծանում։
-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում արթնանալ առավոտյան։
-Առավոտյան հիմնականում գնում եմ լողի, մարմնամարզությամբ եմ զբաղվում։ Արթնանալուս առաջին մոտիվացիան առողջ լինելն է, որովհետև երբ պարապում ես, ֆիզիկապես ակտիվ ես, մնացած բաներն էլ ավտոմատ ստացվում են։ Բայց իրականում լինում են դեպքեր, երբ առավոտյան արթնանում ես ու հավես չունես ոչինչ անելու, այդ ժամանակ ուղղակի հիշում եմ մեր երկրի վիճակը, գիտակցում՝ ինչքան պետք է աշխատեմ ու իմ գործը լավ կատարեմ, որ ինչ-որ բան փոխվի ու անցնում եմ գործի։ Եթե մնացել ենք այստեղ, սեր ունենք մեր հայրենիքի նկատմամբ, պետք է մեր աշխատանքը հնարավորինս լավ անենք։ Ու երբ զբաղվում ես սիրելի գործով, ավելի հեշտ է դա ստացվում։
-Կա՞ շրջադարձային պահ Ձեր կարիերայի կերտման գործում։
-Ավետիքի խմբակ գնալն էր, որ մտածելակերպ փոխեց։ Սովորաբար 6-րդ դասարանից են երեխաները հաճախում այդ խմբակ, ես շատ մեծ տարիքում գնացի՝ այն ժամանակ, երբ մագիստրատուրայում էի։ Ինձ ամենաշատը գրավեց նրա բացատրելու կարողությունը, այն, թե ինչպես էր շատ բարդ երևույթները հանրամատչելի ներկայացնում։ Այդ ամենը շրջադարձային էր նրանով, որ մեծացավ ցանկությունն իմ մեջ էլ զարգացնելու այդ հմտությունը, սկսեցի ավելի շատ սիրել ու գնահատել գիտության կարևորությունը։ Դրանից առաջ ավելի շատ ինժեներական էի մտածում, ասում էի՝ ինձ խնդիր տվեք, ես լուծեմ։
-Գիտությամբ զբաղվելուց բացի ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
-Արշավում եմ, բացահայտում եմ սիրուն Հայաստանը։ Նախորդ տարվա աշնանը նաև ճամփորդեցի, հիմա մտածում եմ հաջորդ ուղղության մասին։ Շատ կարևորում եմ այլ մշակույթների հետ ծանոթանալն ու յուրացրածը մեր երկրի զարգացմանը ծառայեցնելը։ Ձմռանը սիրում եմ սնոուբորդ քշել, ակտիվ և էքստրեմալ սպորտաձևերի սիրահար եմ։ Շատ եմ սիրում նաև հեծանիվ վարել, երկար տարիներ հիմնական փոխադրամիջոցս հեծանիվն է եղել։ Կարծում եմ՝ էլի պիտի վերադառնալ հեծանիվին։
-Ինչը՞ կհամարեք Ձեր կարիերայի գագաթնակետը։
-Ընդհանրապես Հայաստանում շատ տարածված չէ մասնավոր գիտահետազոտական լաբորատորիաների հիմնումը, բայց լավ օրինակներ կան, որոնցից ոգևորված նաև մենք մեր լաբորատորիան բացեցինք։ Երկու օրինակ կարող եմ բերել` YerevaNN-ը՝ համակարգչային գիտության և մաթեմատիկայի լաբորատորիան, որը ղեկավարում է Հրանտ Խաչատրյանը, և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) Կենսաինֆորմատիկայի գիտահետազոտական խումբը, որի ղեկավարը Լիլիթ Ներսիսյանն է։ Վերջինն ինչ-որ չափով կցված է ինստիտուտին, բայց ֆինանսավորումն առանձին են իրականացնում։ Սովորաբար այսպիսի լաբորատորիաներն ավելի արդյունավետ են աշխատում, քանի որ կենտրոնանում են հստակ ուղղության վրա ու զարգացնում այն։
Կարծում եմ իմ գործունեության գագաթնակետը կլինի այն, որ Բազումքն այնքան զարգանա, որ իմ ասած բոլոր կապող օղակներն իրար հետ իդեալական փոխկապվածությամբ աշխատեն։ Երբ համակարգն այնքան լավ գործի, որ կախված չլինի անձերից, ես դա կհամարեմ իմ կարիերայի բարձրակետը։