Բաժիններ՝

Գանձագողությունը և հուշարձանների տարածքում փորելն ու ինչ-որ բան փնտրելը բավականին լուրջ խնդիր է. օրենքի փոփոխության նախագիծ ենք պատրաստում. Հարություն Վանյան

«2022 թվականին հուշարձանների պահպանության, վերականգնման համար հատկացվել է 315 միլիոն դրամ, իսկ 2023 թվականի համար արդեն հատկացվել է մոտ 400 միլիոն դրամ, որը կավելացվի ընթացիկ նախագծերի պատրաստ լինելուն և դրանց վերականգնման աշխատանքները սկսելուն զուգահեռ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի արվել են մի շարք աշխատանքներ, մասնակի վերականգնվել են Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերը, որոնք կշարունակվեն նաև այս տարի: Նույնը նաև Քոբայրի սեղանատան դեպքում: Դիլիջանի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի վերանորոգման աշխատանքները ևս արվել են, քանի որ ջրի հոսք է եղել:

Սկսվել է նաև Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն-մասնաճյուղ) շենքի հիմնանորոգումը, որը կփորձեն ավարտել այս տարի: Մասնակի վերականգնվել են նաև Լոռի բերդի պարիսպները:

«Անցկացվել է Երևան-Սևան ճանապարհի «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորության համակարգը: Գումար է տրամադրվել նաև Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու վթարային պատի վերականգնման համար, որի աշխատանքները կսկսվեն գարնանը: Էկոնոմիկայի նախարարության պատվերով և մեզ հետ համագործակցությամբ արվում է Դաշտադեմ ամրոցի վերականգնման և թանգարանի կառուցման նախագիծ: Պեղումներ արվեցին Տավուշի բերդում, կա նաև վերականգնման նախագիծ: Նշեցի, որ վերականգնվել է Լոռի բերդի պարիսպների մի մասը, 2 բաղնիքը և հասարակական շինությունը, մնացած հատվածների համար ևս ունենք պատվիրած նախագիծ: Սրվեղի վանքի, Ամրակիցի եկեղեցու, Հաղպատավանքի, Կրասարի կամուրջի աշխատանքները կփորձենք սկսել: Կմեկնարկեն նաև Փարպիի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման աշխատանքները: Կշարունակվեն Այգեշատի Թարգմանչաց վանքի վերականգնման աշխատանքները»,- մանրամասնեց Հարություն Վանյանը:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը, թե հաճախ հենց մեր հայրենակիցներն են վնասում հուշարձանները. Ոմանք՝ միտումնավոր, ոմանք՝ ոչ: Որոշներն անգամ, այսպես ասած՝ գանձեր են փորձում գտնել: Քաղաքացիների հետ որևէ աշխատանք տարվո՞ւմ է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը պատասխանեց.

«Ցավոք, գանձագողությունը և հուշարձանների տարածքում փորելն ու ինչ-որ բան փնտրելը բավականին լուրջ խնդիր է: Դեպքեր արձանագրվում են, որի հետ կապված դիմում ենք ոստիկանություն, սակայն մեր նպատակը պետք է լինի ոչ թե այդ դեպքերին արձագանքելը, այլ դրանք կանխելը, և այդ համատեքստում մենք այս տարի նախապատրաստելու ենք օրենքի փոփոխության նախագիծ: Քննարկում ենք մետաղորսիչ սարքերի կիրառության վրա արգելք դնելը: Հասարակության հետ, իհարկե, աշխատանք տարվում է, կրթական ոլորտի հոլովակներ են պատրաստվում: Այդ թեմայով հանդիպում է եղել Վայոց ձորի մարզում: Նախատեսվում է տվյալ ծրագիրն իրականացնել նաև Արագածոտնի մարզում»:

Տեսանյութեր

Լրահոս