Ո՞ւմ է ընտրել իշխանությունը Մնացական Մարտիրոսյանի փոխարեն Հակակոռուպցիոն դատարան գնալու համար
Նախորդ տարեվերջին դատական համակարգում ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նախ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելու, ապա արդեն տարվա գրեթե վերջին օրը՝ դեկտեմբերի 30-ին, նրա անունը Հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից հանելու մասին լուրը:
«Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ, որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով»,- ասված էր ԲԴԽ-ի՝ դեկտեմբերի 30-ին տարածած հաղորդագրության մեջ:
Դատական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ դատավորի թեկնածուն հանվում է թեկնածուների ցուցակից, եթե այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում։
Թե ինչո՞ւ էր Մարտիրոսյանը դիմում ներկայացրել, վերջինս հրաժարվել էր բացատրել, «Ազատության» հետ զրույցում նա միայն ասել էր՝ «պարզապես այդպես ցանկացա»։
Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ընտրվելու և հրաժարվելու միջակայքի մոտ 40 օրերի ընթացքում ՀԱԿ շրջանակները, քաղհասարակություն կոչվածն ու հատկապես դրա սորոսական կազմը, ինչպես նաև որոշ այլ շրջանակներ անասելի աղմուկ բարձրացրեցին գրեթե ամենօրյա ռեժիմով:
«Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այդ թվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելը: Այդ անձի կայացրած ապօրինի դատավճիռների արդյունքում Հայաստանի Հանրապետությանը նաև պատճառվել է գույքային վնաս, ինչպես նաև բարոյական վնաս է հասցրել ՀՀ դատական համակարգին և խաթարել հանրային վստահությունը այդ համակարգի նկատմամբ»,- մասնավորապես գրել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ապա հավելել, որ ԲԴԽ-ի այս քայլն ունենալու է լուրջ հետևանքներ:
ԲԴԽ-ի այդ քայլը չհասցրեց լուրջ հետևանքներ ունենալ, որովհետև, 168.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպելուց հետո համատեղ որոշում է կայացվել՝ Մնացական Մարտիրոսյանը չի գնա Հակակոռուպցիոն դատարան. Նրան ըստ ամենայնի խոստացվել է Կենտրոնի դատարանի նախագահի պաշտոնը:
Առավել ուշագրավ է՝ ով է փոխարինելու նրան: Իշխանությունն այստեղ ձիով քայլ է արել՝ ընտրելով մեկին, ով աղմկոտ քրեական գործերով առանձնապես աչքի չի ընկել, բայց ով պակաս խնդրահարույց կերպար չէ:
168.am-ի տեղեկություններով՝ Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանում կփոխարինի Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը, ով դատական համակարգում հայտնի է «ստվերային Մացո» մականվամբ:
Գագիկ Պողոսյանը ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո իր պաշտոնից հրաժարական ներկայացրած Գագիկ Ջհանգիրյանի թեկնածուն էր Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման ավարտից հետո դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար, որին, սակայն, ԲԴԽ անդամները դեմ էին քվեարկել:
168.am-ն ավելի վաղ գրել էր, որ հենց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ, նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանն է խոչընդոտել Արթուր Մկրտչյանից հետո թափուր մնացած Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նախընտրելի թեկնածուի՝ Գագիկ Պողոսյանի նշանակումը:
Այդուհանդերձ, 60-ամյա Գագիկ Պողոսյանն է այժմ կատարում դատարանի նախագահի պարտականությունները՝ մինչև դատարանի նոր նախագահի ընտրությունը, և հենց նրա վրա էլ կանգ է առել ընտրությունը Հակակոռուպցիոն դատարանի նախ դատավոր, ապա դատարանի նախագահ նշանակվելու համար: Հետաքրքիր է՝ հիմա ինչ դիրքորոշում կունենան բոլոր այն մարդիկ ու շրջանակները, ովքեր կոկորդ էին պատռում Մնացական Մարտիրոսյանի ընտրության առթիվ, որովհետև նրանք դժվար թե չիմանան՝ ով է Գագիկ Պողոսյանը: