Ի՞նչ մոտիվացիա ունի հիմա Մնացական Մարտիրոսյանը

Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստի օրն է: Վերջինս այս պահին ազատության մեջ է: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց. Ավետիք Չալաբյանը ճնշման խնդիր ունի:

Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է, դատական համակարգի հնաբնակներից:

Մնացական Մարտիրոսյանն էր քննում նաև լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործը, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, զենքի առևտրով զբաղվող  Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) վերաբերյալ գործերը,  կքննի երեխաների ապօրինի որդեգրման հայտնի քրգործը, այլ հնչեղ քրեական գործեր՝ նույնպես:

Մնացական Մարտիրոսյանն անցյալում նույնպես հնչեղ ու հատկապես քաղաքական հետաքրքրություն ունեցող գործեր քննելու սիրահար է եղել:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես 2007-2008-2009թթ. Մնացական Մարտիրոսյանը բազմաթիվ դռներ էր ծեծում, որ իրեն վստահվի քննել հասարակական հետաքրքրություն ունեցող գործեր:

Մասնավորապես, վերջինս հաջողեցնում է Վերաքննիչ-Վճռաբեկ վոյաժի արդյունքներով «ստանալ» հայտնի «7-ի գործը»:

2008թ. իրադարձություններից հետո Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին և Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ էին առաջադրվել: Գործը, պայմանավորված մասնակիցների քանակով, հանրության մեջ առավել հայտնի դարձավ առավելապես որպես «7-ի գործ»:

Նա է քննել նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործը:

Այն տարիներին, ըստ դատական համակարգի 168.am-ի աղբյուրների, Մնացական Մարտիրոսյանի՝ աղմկոտ գործեր քննելու ձգտումը պայմանավորված էր Կենտրոնի դատարանի նախագահ դառնալու մղմամբ, ինչը նրան կարծես թե չհաջողվեց գլուխ բերել: Թե ինչն է հիմա մոտիվացնում Մնացական Մարտիրոսյանին, դժվար է ասել:

Տեսանյութեր

Լրահոս