ԱԱԾ-ն՝ ընդդեմ ԲԴԽ-ական ջհանգիրյանական բարքերի

Վերջին ժամանակներում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ իր զբաղեցրած պաշտոնից սկանդալային հեռացումից հետո ԲԴԽ-ում կարծես թե սկսվել է, այսպես կոչված՝ հալոցքի շրջան: Գրեթե լիովին ձախողվում են Գագիկ Ջհանգիրյանի նախատեսած կադրային նշանակումները, դատական համակարգը սկսել է շնչել: Թե որքա՞ն դա կտևի, ցույց կտա ժամանակը և այն հանգամանքը, թե կկարողանա՞ն արդյոք հնարավորինս շուտ գտնել նոր, համակարգի խիստ վերահսկելի ու լոյալ ղեկավար:

Եվ թեպետ մերձԲԴԽ-ական շրջանակները իրավիճակի փոփոխությունը կապում են ԲԴԽ նախագահի գործող ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի անձի հետ, 168.am-ի տեղեկություններով՝ դա այնքան էլ այդպես չէ: Ավելի ճիշտ, Սերգեյ Չիչոյանը, իհարկե, դեմ չէ այն ամենին, ինչ վերջին ժամանակերում, ավելի ստույգ՝ Գագիկ  Ջհանգիրյանից հետո, տեղի է ունենում ԲԴԽ-ում, բայց ինքն այդ գործընթացի վրա առանձնապես ազդեցություն չունի:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲԴԽ-ում տիրող շարժի, նշանակումների, դատական այդ բարձրագույն մարմնի աշխատանքների էական հարցերը համակարգում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ով մինչ այս նշանակումը եղել է դատավոր:

Հիշեցնենք՝ Անդրանիկ Սիմոնյանին առնչվող ձայնագրության հրապարակումից հետո սկսվեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ կապված գործընթացը՝ քրեական գործի հարուցումից մինչև լիազորությունների դադարեցում:

Ըստ մեր աղբյուրների՝ Անդրանիկ Սիմոնյանն ամեն ինչ անում է դատական համակարգի հեղինակությունը փոքրիշատե վերականգնելու համար, և այդ հարցում վերջինս ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի աջակցությունը:

Կրկին հիշեցնենք, որ տևական ժամանակ, երբ ԱԱԾ-ն ու Դատախազությունը դեմ չէին գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի վերագործարկմանը շուրջ մեկ տարի չաշխատելուց հետո, ԲԴԽ-ից շատ երկար ժամանակ հակասական տեղեկություններ էին ստացվում. մեկ բանալիները չէին ստացել, թեպետ վերոնշյալ կառույցները պնդում էին, որ դրանք փոխանցվել են  ԲԴԽ-ին, մեկ էլ ստացել էին, բայց համակարգը չաշխատելուց խնդիրներ էր կուտակել: Խնդրով զբաղվում էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Անի Մխիթարյանը, և, ի վերջո, համակարգը թեպետ թերություններով, բայց սկսեց գործել:

Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ նաև Անդրանիկ Սիմոնյանի պնդմամբ է Գագիկ Ջհանգիրյանը հրաժեշտ տվել իր պաշտոնին: Հենց նա է Նիկոլ Փաշինյանին ներկայացրել վերջինիս կասկածելի գործողությունների ու պայմանավորվածությունների ողջ փաթեթը:

Անդրանիկ Սիմոնյանն է խոչընդոտել նաև Արթուր Մկրտչյանից հետո թափուր մնացած Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նախընտրելի թեկնածուի՝ Գագիկ Պողոսյանի նշանակումը:

Տեսանյութեր

Լրահոս