«Մեկնաբանելու որևէ բան չկա՝ Արցախը պաշտոնական տեսակետ հայտնել է ԱԽ հայտարարությամբ». Արցախի նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որից հետո տարածվեց պաշտոնական հաղորդագրություն՝ անդրադարձ կատարելով նաև հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրած որոշ հայտարարություններին։

Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր.

«ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից»:

Կարդացեք նաև

Այսօր Կառավավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արցախի շրջափակման թեմայի շրջանակներում անդրադարձավ նաև  Արցախի ԱԽ հայտարարությանը.

«Մենք պետք է նաև որոշակի պատկերացում ունենանք, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին, վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս: Եվ հետո, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»:

168.am Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե Արցախի նախագահն ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում հնչեցրած հայտարարության վերաբերյալ։

«Առանց մեկնաբանության, մեկնաբանություն չի լինելու, մեկնաբանելու որևէ բան չկա։ Արցախը պաշտոնական տեսակետ հայտնել է ԱԽ հայտարարությամբ»,- եզրափակեց Լուսինե Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս