Ադրբեջանում եղած իրական բնապահպանները հիմա իրենց ընտանիքներով չեն ապրում այդտեղ. Սիլվա Ադամյան
Մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
«Այնտեղ կանգնած մարդիկ ընդհանրապես բնապահպանության հետ կապ չունեն: Նրանք պայքարում են Արցախի անկախության դեմ, ուզում են Արցախը հայաթափել և տիրանալ մեր հողին: Ադրբեջանում եղած իրական բնապահպանները հիմա իրենց ընտանիքներով չեն ապրում այդտեղ: Ուղղակի այդ երկրում անհնար է բնապահպանությամբ զբաղվել: Կոռումպացված ու ռեժիմային երկիր է, ու խոսել անկախ բնապահպանությունից, ծիծաղելի է: Այսինքն, մարդիկ պետք է հավատա՞ն, որ ադրբեջանցի բնապահպան կա ու մի հատ էլ կարող է գնալ, կանգնել այնտե՞ղ»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա փոխանցմամբ՝ բազմաթիվ մարդիկ հրաժարվել են աշխատել միջազգային որևէ հասարակական կազմակերպության հետ, օրինակ, մարդու իրավունքների, կլիմայի փոփոխության թեմաներով, քանի որ կարծում են՝ հետապնդումների կենթարկվեն իրենց երկրում:
«Կարդում եմ ՄԱԿ-ի որոշումները, վերաբերմունքը տարբեր ասիական երկրներում թափոնների մասով. ինչպիսի աղմուկ է բարձրանում, չեք պատկերացնի: Հա, լավ է, բայց եկեք, տեսեք, այստեղ հումանիտար աղետ է»,- նկատեց բնապահպանը:
Հավելենք, որ դեռևս 2022թ. դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարեց, որ Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Ֆրանսիայի ներկայացուցիչը պահանջում էր անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և հնարավորություն տալ ՄԱԿ-ի կառույցներին մուտք գործել տարածաշրջան։ Միացյալ Նահանգների ներկայացուցչի ելույթը նվիրված էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի փակման թե՛ մարդասիրական, և թե՛ քաղաքական հետևանքներին։ Ռուսաստանը ներկայացնող դիվանագետի խոսքով՝ ճգնաժամի սկզբից ի վեր հենց Մոսկվան է, որ ակտիվորեն աշխատում է դրա հաղթահարման ուղղությամբ։
Նշենք, որ այսպես կոչված բնապահպաններըԿաշենի ու Դրմբոնի հանքավայրերում ստուգումներ են պահանջում, որ կանխեն, ինչպես պաստառներին են գրել, «էկոցիդը»։ Փորձագետներից ևլրատվամիջոցներից կարճ ժամանակ պահանջվեց բացահայտելու, որ բնապահպանությունից նրանք հեռու են, ցույցերի, ակցիաների երբևէ չեն մասնակցել, փոխարենը՝ սոցիալական ցանցերում ակտիվ գովերգում են Ալիևների ընտանիքին, խրախուսում հայատյացությունը։ Ու, թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանքարդյունահանումը դադարեցնելու մասին, պայմանով, որ միջազգային փորձագետները դիտարկեն տարածքը, ճանապարհը չբացվեց։