ՀՀ իշխանավորները կոլաբորացիոնիստներ են և մեզ տանում են կործանման. թուրքագետ

Թուրքիայի մեջլիսի և հակահայ քարոզչության խոսնակ Մուստաֆա Շենթոփը Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել է ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»: Արցախի 30-օրյա շրջափակման ընթացքում սա, սակայն, Թուրքիայի առաջին բացահայտ աջակցությունը չէ Ադրբեջանին:

Այս գործընթացներին զուգահեռ, սակայն, ՀՀ արտաքին գերատեսչությունից փոխանցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակականության մասին՝ այնպես, ասես Արցախում թուրք-ադրբեջանական ցեղասպանական համատեղ սցենարն ամենևին չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց. «Թեև և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը շարունակ թշնամական հռետորաբանությամբ են հանդես գալիս,  հայկական կողմը տեսնում է  այդ ամենը, սակայն նշում է՝ մենք չենք շեղվելու խաղաղության գործընթացից:

Հայաստանի իշխանավորները, կարծում եմ, կոլաբորացիոնիստներ են, և մեզ տանում են կործանման՝ ամեն տեսակետով, իհարկե. երկիրը՝ թե՛ ներսից են քանդում, թե՛ դրսից են քանդում»:

Կարդացեք նաև

Թուրքագետը համոզված է, որ ստեղծված իրավիճակում Իրանն ու Ռուսաստանն են հակազդում Հայաստանի առկա անվտանգային մարտահրավերներին, քանի որ նրանց շահերից չի բխում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացումն այս տարածաշրջանում:

Ըստ նրա՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված նաև Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը տարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափերին, և, մասնավորապես, ՌԴ մասնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին:

«Պետք է խաղի մեջ լինես, որ կարողանաս ինչ-որ բան թելադրել և կանխել: Ռուսաստանը մտավ այդ խաղի մեջ, սակայն, քանի որ խանգարում էր այդ «առուվաճառքի» ծրագրերին, Թուրքիան հղացավ միտքը, որ  առանձին բանագնացներ լինեն, բանակցեն առանց միջնորդ կողմերի. այսինքն՝ ՌԴ-ն դուրս թողնել այս քննարկումներից ու շտապ երկու կողմով ինչ-որ բաներ ավարտին հասցնել»,- մանրամասնեց Տիրան Լոքմագյոզյանը՝ նկատելով, որ  ռուսական կողմը թույլ չտվեց, որ այս ծրագիրն ավարտին հասցվի:

Այս համատեքստում թուրքագետն անդրադարձավ նաև Բերձորի շրջափակման թուրք-ադրբեջանական ենթատեքստերին:

«Սա ուղղված է նախևառաջ Սյունիքին, քանի որ հայտարարում են, թե՝ ինչպես Բերձորի միջանցքն է, այնպես էլ մենք ենք միջանցք ուզում նույն պայմաններով: Եվ ուզում են ՀՀ ժողովրդին հասցնել այն վիճակին, որ ասի՝ թքած Սյունիքի վրա. Սյունիքը հանձնենք, որ լավ ապրենք:

Մյուսն ուղղված է ռուս խաղաղապահներին. ուզում են նրանց դրդել որևէ գործողության: Իսկ եթե խաղաղապահները մի կրակոց արձակեն, որի հետևանքով նույնիսկ մի ադրբեջանցի վիրավորվի, վերջ, խաղաղապահն իրավունք չունի այլևս մնալու, քանի որ երկու կողմերից է մանդատ տրված»,- պարզաբանեց թուրքագետը:

Տեսանյութեր

Լրահոս