«Արցախը շրջափակված չի, հանձնված է. Փաշինյանն Ալիևի հետ իրականացնում է երկու խոշոր ծրագիր». Էդգար Ղազարյան
Հունվարի 4-ին լրանում է Արցախի շրջափակման 24-րդ օրը, և թեև ազգությամբ հայ 120 հազարից ավելի մարդ է Արցախում հայտնվել ադրբեջանական գերության մեջ, սակայն Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի իշխանությունը շարունակում է գործնական քայլեր ակնկալել ՄԱԿ-ից և ՌԴ խաղաղապահներից։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է, ուստի անհրաժեշտ է միջազգային փաստահավաք առաքելության գործուղում և ՄԱԿ–ից ԼՂ Հումանիտար հասանելիության ապահովում։
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նաև նշված է՝ քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ուստի Հայաստանն ակնկալում է նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացում՝ ուղղված այդ կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն։ ՀՀ ԱԳՆ-ն առաջնահերթ է համարել նաև միջազգային փաստահավաք խմբի տեղակայումը։
168 TV-ի եթերում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը ՀՀ ԱԳՆ-ի նման բովանդակության հայտարարությունը համարեց ընդամենը դիվանագիտական զազրախոսություն, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին պարբերության մեջ հստակ նշված է՝ այդ խնդրի կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, ոչ թե Ադրբեջանն ու Ռուսաստանը. ՌԴ-ն ընդամենը միջնորդ է։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետի վերջին պարբերության մեջ է գրված, որ այդ հայտարարության կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ ՌԴ-ն ստորագրել է այն՝ որպես միջնորդ, ուստի ՌԴ խաղաղապահ առաքելությունը կողմ լինելու իրավասություն չունի։ Ինչ վերաբերում է այդ հայտարարության 6-րդ կետին, ապա այնտեղ գրված է, որ Ադրբեջանն է պարտավորվում ապահովել անխափան երթևեկություն Լաչինի ճանապարհով, իսկ ՌԴ-ն վերահսկում է Ադրբեջանի պարտավորության կատարումը, հիմա, եթե Ադրբեջանն իր պարտավորությունը չի կատարում մյուս կողմի նկատմամբ, ո՞վ պետք է դիմի գործողությունների՝ կողմ հանդիսացող Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունը չի կարողանում գտնել իր իսկ ստորագրած հայտարարության երաշխիքը, բայց մեղադրում է այլոց։
Ղազարյանի դիտարկմամբ՝ 24 օր շարունակ ուրիշներին մեղադրող, բայց որևէ քայլ չանող ՀՀ իշխանության գործողությունները գալիս են ապացուցելու, որ մենք գործ ունենք ոչ թե Արցախի շրջափակման, այլ շատ կոնկրետ Արցախի հանձնման հետ՝ դրանով պայմանավորված էլ 2023 թվականին Ամանորյա ուղերձում Փաշինյանը չօգտագործեց Արցախ բառը, ինչն արել է իր նախորդ Ամանորյա ուղերձներում։
«Առաջին օրերին, երբ փակվեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինձ էլ էր թվում, թե գործ ունենք Արցախի շրջափակման հետ, բայց հիմա՝ մեկ ամիս անց, հաշվի առնելով արված հայտարարությունները, իմ գնահատականը հետևյալն է. Արցախը շրջափակված չէ, Արցախը հանձնվեց Ադրբեջանին. Ադրբեջանը Արցախի հետ վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Ադրբեջանը ցանկանում է Արցախն առանց հայերի և առանց ռուսների. հետևաբար՝ Արցախը զավթելուց հետո շարունակում է իր գործողությունները. հիմա իրականացվում է երկու մեծ ծրագիր՝ առաջինը՝ Արցախի հայաթափումն է, և հումանիտար աղետը այդ քաղաքական որոշման հետևանքն է։ Հունմանիտար աղետը ստեղծվել է՝ նոր քաղաքական իրավիճակի հանգելու նպատակով, ուստի Ադրբեջանը ցանկացած պահի կբացի Ստեփանակերտից դեպի Գորիս ճանապարհը՝ մեկ ուղղությամբ, որպեսզի Արցախը հայաթափվի։ Երկրորդ ծրագիրը ռուս խաղաղապահներին այնտեղից հանելուն է վերաբերում. այդ գործը Ադրբեջանը հանձնարարել է Հայաստանի իշխանություններին, և պատահական չէ, որ նույնիսկ Ամանորյա ուղերձում Փաշինյանը հայտարարեց՝ մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ»,- ասաց Ղազարյանը։
Մանամասները՝ տեսանյութում