Աննախադեպ պարգևատրում՝ անվտանգության ապահովումը տապալելու համար

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ Զինված ուժերում աննախադեպ է»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Մի կողմից, իհրակե, շատ դրական է, որ Զինված ուժերի ներկայացուցիչները դրամական պատգևատրում են ստանում, հատկապես պետական համակարգի մյուս հատվածների՝ մշտական դարձած, անիմաստ, ոչնչի համար տրվող պարգևավճարների ֆոնին։

Մյուս կողմից, սակայն, դրական լինելով հանդերձ, Սուրեն Պապիկյանի այս քայլը ենթատքեստային ուղերձներ է պարունակում, որոնք, մեղմ ասած, դրականորեն չեն խոսում Զինված ուժերի մասին։

Լաչինի միջանցքը փակ է արդեն 16 օր, մեկ տարուց ավելի է՝ Ադրբեջանի զինված խմբավորումները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ սեպտեմբերյան ագրեսիայի շնորհիվ իրենց հաջողվել է տեղակայվել ռազմավարական դիրքերում։

Մի խոսքով, Զինված ուժերի անմիջական, առաջնային պարտականությունների կատարումը, մեծ հաշվով՝ տապալվել է, պատճառներն, իհարկե, անսահմանորեն շատ են՝ սկսած Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, մինչև բանակի ղեկավարության ոչ կոմպետենտություն և այդպես շարունակ։

Բայց փաստը մնում է այն, որ ՀՀ զինված ուժերը տապալել են իրենց առաքելությունը և դրա համար պարգևատրվում են իշխանության կողմից։

Ահա այդ առումով, այս պարգևատրումն իսկապես աննախադեպ է։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ներկայիս հայկական իրականությունում խիստ հիմնավոր կասկած կարող է ծնվել այն մասին, որ իշխանությունը Զինված ուժերին պարգևատրել է հենց իր առաքելությունը տապալելու համար։ Ինչպես և տպավարություն է, որ Նիկոլ Փաշինյանն այսպիսով գնում է զինծառայողների լոյալությունը․ մինչև օրս հայտնի չէ գոնե մեկ եզակի դեպք, երբ Հայկական բանակի որևէ սպա հրաժարական ներկայացնի՝ անհամաձայնություն հայտնելով անվտանգային հարցերում, այդ թվում՝ Զինված ուժերում իշխանության կողմից վարվող քաղաքականության հետ։

Հետաքրքիր է՝ պարգևատրում ստացող զինուժի քանի՞ ներկայացուցիչ է գոնե ոչ բարձրաձայն մտածել՝ հատկապես ինչի՞ համար են պարգևատրել իրեն և գտել այդ հարցի պատասխանը։

Էլի ոչ բարձրաձայն։

Տեսանյութեր

Լրահոս