«Սա ցույց է տալիս մեր իշխանությունների կատարյալ քաղաքական տհասությունը». Վաչե Բրուտյան

Քաղաքագետ, հրապարակախոս Վաչե Բրուտյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում՝ Ալիևի ախորժակը զսպելու համար:

«Ադրբեջանը վայելում է հավաքական Արևմուտքի ամեն տեսակի զորակցությունը՝ քաղաքական, տնտեսական, ֆինանսական, առևտրային, նաև՝ ռազմական, իսկ Հայաստանը, որին իշխանությունները համարում էին ժողովրդավարության բաստիոն, լքված է այսօր: Հայկական օրակարգ չկա Հայաստանի ղեկն իրենց ձեռքը պահող այս իշխանությունների մոտ, նրանք ոչ թե հայկական շահերն են առաջ մղում, այլ իշխանության են բերվել գործի դնելու համար այն օրակարգը, որն արտաքին ուժերի կողմից առաջ է մղվում: Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակն այդ ծրագրի մի մասն է: Տվյալները ցույց են տալիս, որ ոչ մի պատճառ չկա, որ Ադրբեջանն այս շրջափակումին վերջ տա. Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայերի: Դժվար թե այսօրվա իրողություններում նա կարողանա դա զենքի ուժով իրագործել, այնպես որ, ինքը գործի կդնի «փափուկ ուժ»՝ իր այդ նպատակին հասնելու համար, Հայաստանի իշխանությունների ուղղակի կամ անուղղակի մեղսակցությամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց՝ Հայաստանի վարչապետից մինչև իշխանական պատգամավորներ բոլորն ասում են, թե Արցախում տեղի ունեցողը ռուսների պատասխանատվության շրջանակում է, և հարց ուղղեց իշխանություններին՝ բա ձեր պատասխանատվությունը ո՞րն է:

«Ռուսներն ասում են՝ մենք ձեզ համար չպետք է կռվենք, եթե դուք ձեր շահերը չեք պաշտպանում, մենք ինչո՞ւ պետք է ձեր փոխարեն կռվենք: Հայաստանի իշխանությունն ինքը պետք է իր շահերը պաշտպանի»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Վաչե Բրուտյանը զարմանում է այն մարդկանց վրա, որոնք Արևմուտքից  ակնկալիքներ ունեն. «Երբ նայում ենք ԱԺ նիստերը, լսում ՔՊ-ականների ելույթները, այս մարդիկ տեղյակ չեն նույնիսկ վերջին 20 տարվա պատմությունից, իրենց մտածողությունն ուրիշ ուղղությամբ է զարգացած, Արևմուտքի նկատմամբ ունեն բացառիկ սեր: Ես չեմ ասում, որ մենք պետք է Արևմուտքի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցույց տանք: Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ ռուսատյաց, ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ արևմտատյաց, այնպես որ, ինձ համար ծիծաղելի է այն օրակարգը, որ Հայաստանի քաղաքական խոսույթում կա: Այս խոսույթը ցույց է տալիս մեր քաղաքական իշխող խավի կատարյալ քաղաքական տհասությունը: Քաղաքականապես հասուն մարդը պետք է իր պետության և ժողովրդի շահերն առաջ մղելու գիտակցություն և այդ ուղղությամբ գործելու վճռականություն ունենա: Մենք ոչ մի քայլ չենք տեսնում: Վերջին օրինակն այս միջանցքի խնդիրն է, երբ ասում են՝ ռուսական կողմի պատասխանատվության խնդիրն է, կարծես թե Զիմբաբվեի մեջ ինչ-որ խնդիր է, և ինչ-որ խաղաղապահներ պետք է հարցը լուծեն կամ չլուծեն: Բա ձեր գործը ո՞րն է, դուք ի՞նչ եք անում, ինչի՞ համար եք»:

Քաղաքագետը նկատեց՝ Հայաստանի իշխանությունները բաց քարտերով են խաղում. «Իրողությունն այն է, որ մենք չունենք Հայաստանի շահերը սպասարկող իշխանություն, և այս բոլոր փորձանքները, որոնք Հայաստանի գլխին եկան, այս իշխանությունների վարած ապազգային քաղաքականության հետևանքով են: Քանի դեռ այս իշխանությունները կմնան իրենց լծակների վրա, որևէ լավ բան պետք չէ սպասել, միայն այս իշխանությունների հեռացումով է, որ կարող ենք ակնկալել, որ Հայաստանի պետությունը կկարողանա խելամիտ քայլեր անել՝ պետության, երկրի, ազգի շահերը պաշտպանելու համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս