«Ամոթ է. 3 միլիոն հայ հանդուրժում է 120.000 հայի շրջափակումը բարբարոս Ադրբեջանի կողմից». Վարդան Ոսկանյան
Դեկտեմբերի 24-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 13-րդ օրը. սա մեզ համար ամոթալի վիճակ է. ամոթ է, որ Հայաստանում ապրող 3 միլիոն հայը հանդուրժում է, որ իր արյունակից 120 հազար հայ պատանդ մնա թշնամական բարբարոսական Ադրբեջանին։
168 TV-ի եթերում ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքը փակելու խնդրին:
«Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ազգ և պետություն, ստեղծվել է հայ ժողովրդի զարգացումը և ոչ թե գոյությունը ապահովելու համար. Օրինակ, գոյություն կարելի էր պահպանել նաև համայնքների տեսքով։ Բաքվի բռնապետը մեզ հիմա զրկում է զարգացման որևէ հեռանկարից. ավելին՝ մեր առջև հարց է բարձրանում՝ արդյո՞ք մեր գոյությունը հետագայում կշարունակվի։ Որևէ պարագայում չի կարելի առանձնացնել Արցախի հիմնախնդիրը համահայկական հիմնախնդրից, որովհետև այսօր Արցախն է, վաղը լինելու են Սյունիքը և Հայաստանի այլ տարածքներ»,- ընդգծեց իրանագետը։
Նրա խոսքով՝ մենք ականատես ենք լինում խոշոր հակամարտության, որտեղ դրված է հայության գոյության հարցը՝ որպես էթնիկական միավոր, և պետք չէ մտածել, թե Բաքվի բռնապետը չի հասնելու ընդհուպ մինչև Երևան։
«Ուստի՝ մտայնությունը, թե՝ հանձնեք Ակնան, Քաշաթաղը, որ 20 եվրոյանոց տոմսով գնանք Իտալիա՝ սուրճ խմենք, տալիս է իր դառը պտուղը։ Մերձավոր Արևելքում չես կարող ապրել այնպես, ինչպես Եվրոպայում։ Մերձավոր Արևելքում գոյություն ունի մեկ իրավունք՝ դա ուժի իրավունքն է, ուստի, եթե ուզում ենք, որ լուծվի Բերձորի միջանցքի խնդիրը, ապա պետք է մեր առջև խնդիր դնենք ադրբեջանական պետության չգոյության և Հայաստանում զբաղվենք դիվանագիտությամբ, անվտանգային համակարգերի ուժեղացմամբ։ Պետք է իրականացվի հայ հասարակության սոցիալական ինժեներիա՝ բացատրել մարդկանց, որ այս տարածաշրջանում պատերազմներն անխուսափելի են, իսկ այն, ինչն անխուսափելի է, դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ դրան պետք է պատրաստվել, մինչդեռ այսօրվա իշխանությունը գործում է միայն հասարակության համար հաճելի բաների մասին խոսելով. պատմում է խաղաղության մասին, թեև իրականությունն այլ է. ստեղծել են վիրտուալ իրականություն, որտեղ Երևանում տոնածառի լույսեր են վառվում, իսկ Արցախում 120 հազար հայ շրջափակման մեջ է ապրում»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչի խոսքով՝ մենք պետք է փոփոխենք իրողությունները՝ հիշելով, որ մեր պատմությունը ցույց է տալիս, որ որպես պետություն կանք՝ ոչ թե իրողությունների հետ հաշտվելու, այլ՝ դրանք փոփոխելու արդյունքում։
«Գարեգին ՆԺդեհը, եթե հաշտվեր իրողությունների հետ, ապա 1920 Սյունիքը կդառնար «Արևմտյան Զանգեզուր», ինչպես մինչև հիմա երազում է Բաքվի բռնապետը. Նժդեհը չի հաշտվել ու փոխել է։ Մենք պետք է հասկանանք. որ հիմա էլ չպետք է հաշտվենք ու փոխենք… Մենք կրկին կունենանք Բերձորի միջանցքի փակում, եթե Ադրբեջան կոչվող արհեստածին պետության հարցերը չլուծենք։ Հայաստանի և Արցախի միջև անխափան և անվտանգ կապը կարող է ապահովվել միայն մեկ դեպքում, եթե վերաազատագրվի Քաշաթաղի շրջանն ու Քարվաճառը։ Պետք է մեր ռազմավարությունը կառուցենք այնպես, որ Արցախը Հայաստանին միացած լինի ցամաքային լայն գոտիով՝ Քաշաթաղով և Քարվաճառով։ Ադրբեջանը երբեք կանգ չի առնելու, խաղաղությունը լինելու է ժամանակավոր, ուստի մենք այսօրվանից պետք է պատրաստվենք Ադրբեջանի հետ հաջորդ բախմանը, որ դառնանք հաղթող»,- ասաց Ոսկանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում