Լաչինի միջանցքի հարցի լուծումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է․ Զաս

Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը Երևանը բարձրացնում է միջազգային մակարդակով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Նման դիմումներ Հայաստանի կողմից չեն եղել, մենք ելնում ենք նրանից, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է»,- ըստ yerkir.am-ի՝ ասել է Զասը։

Ավելի վաղ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ինչպես նաև դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու և միջանցքի ապաշրջափակումը պարտավորեցնելու խնդրանքով։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ՝ արձագանքելու ճանապարհը փակելու վերաբերյալ Հայաստանի դիմումին։ Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն կոչ են արել ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բաքուն տեղի ունեցողը որակել է «քաղաքացիական ակտիվիստների և բնապահպանների բողոքի ակցիա»՝ ընդդեմ «հայկական կողմի հանքերի անօրինական շահագործման»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հուսով է, որ մոտ ապագայում այնտեղ կվերականգնվեն լիարժեք տրանսպորտային կապերը։

Տեսանյութեր

Լրահոս