Արցախի կյանքի ճանապարհն ապաշրջափակելու պահանջով արտիստների կողմից Երևանում կկազմակերպվի երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ
Երևանում արտիստների կողմից վաղը՝ դեկտեմբերի 20 -ին, կիրականացվի երթ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` պահանջելով ապաշրջափակել Արցախի կյանքի ճանապարհը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տարածել արցախցի երգիչ և երաժշտական պրոդյուսեր Արտեմ Վալտերը։
«Վաղը մենք կիրականացնենք երթ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` պահանջելով ապաշրջափակել Արցախի կյանքի ճանապարհը։
Արդեն ութ օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը ՝ ներառյալ 30 հազար երեխա, գտնվում է շրջափակման մեջ։
Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ վիրահատությունների համար։
Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։
Երթը կմեկնարկի վաղը՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 19:30-ին Օպերայի բակից։ Կշարժվենք դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատուն և կավարտենք այն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:
Սույն երթը կապված չէ որևէ քաղաքական գործչի հետ։ Այն չի կրում քաղաքական բնույթ, կազմակերպվում է հայ արտիստների և ոչ անտարբեր մարդկանց կողմից։
Մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ մեզ համար կարևոր է Արցախի ճակատագիրը, և մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է մինչև վերջ պայքարել դրա համար, ցույց տալ, որ մենք շատ ենք և անդրդվելի:
Մենք նաև ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել Արցախի մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք և հասկանում ենք, թե որքան դժվար է նրանց համար հիմա։
Խնդրում ենք եկեք, բերեք Ձեր ընտանիքներին և ընկերներին: «Կյանքի ճանապարհը» բացելու մեր պահանջը պետք է լինի լսելի»,-նշված է երգչի տարածած հաղորդագրության մեջ։