«Մինչև 2018-ը ոչ մի արցախցու մտքով այսպիսի բան չէր անցնի, հակառակը, մենք մեզ աշխարհի տերն էինք զգում»․ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան

«Թող զարմանալի չթվա, բայց Արցախն այսօր մենակ է մնացել, ինքն իր հետ մենակ, ոչ մեկը մատը մատին չի խփում, չի էլ ուզում խփի, կարծես Արցախն այս մարդկանց համար ընդհանրապես գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ արցախցիներն ամեն օր արթնանում են այն հույսով, որ Բերձորի ճանապարհը բացվելու է, կյանքը շարունակելու է բնականոն հունով ընթանալ: Հենց այդ հույսն է իրենց ապրեցնում, բայց մյուս կողմից՝ կա նաև հիասթափություն.

«Մենակ ենք զգում, փոխանակ օր օրի վրա մի բան արվի, ընդհակառակը, կարծես, այդպես էլ պետք է լինի, թե ինչքա՞ն ժամանակ փակ կմնա, ո՞նց կլինի, ի՞նչ կանեն․․․

Մենք՝ արցախցիներս, վճռական ենք տրամադրված, բայց միայն մեր վճռական տրամադրվելը քիչ է, մեզ դրսից օգնող, հույս տվող  է պետք, ոչ թե խոսքով, այլ գործով։ Խոսքով ամեն տեղ էլ խոսում են, փաստն այն է, որ մենք այստեղ մնացել ենք մեն-մենակ։ Մի ողջ ժողովուրդ, ազգի սերուցք մնացել է անպաշտպան վիճակում։ Հակառակորդը գալիս հերթափոխ է անում, զորք է կուտակում,  չգիտես՝ ինչ են անում․․․

Կարդացեք նաև

Փաստն այն է, որ մենք շրջափակման մեջ ենք։ Մենք դեռ հույսով ենք մնում այստեղ, և Աստված տա՝ այդ հույսը միշտ մնա, հանկարծ չհուսահատվենք։ Եթե ժողովուրդը հուսահատվեց, գնաց, ինչ ուզում ես՝ արա, ինչ պատնեշ էլ դնես, չեն մնալու, բայց այդ հույսն է, որ ժողովրդին պահում է այստեղ»։

Քաջիկ Հարությունյանը հիշում  է՝ Արցախում շատ ավելի ծանր և վատ օրեր են եղել, բայց հաղթահարել են, քանի որ այն ժամանակ արցախցիները միասնական էին։ Մինչդեռ՝ 2018 թվականից հետո՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում շատ բան փոխվեց․

«1988-ին ամբողջ հայ ազգը համախմբված էր, ուժեղ էր, մի բռունցք կազմած էր, հիմա այդպես չէ, քանի որ Արցախում ՀՀ իշխանության կողմնակիցներ էլ կան․․․

Այն ժամանակ այդպիսի բան չկար, այն ժամանակ բոլորս միասին էինք, միահամուռ էինք, մի բռունցք էինք, մի կտոր հացը կիսում էինք, և ամեն ինչ լավ էր։ Ճիշտ է՝ հիմա այդ բռունցքը կա, միաբանությունը կա, բայց այն չի, ոնց որ առաջ է եղել, այն ժամանակ ուրիշ էր։

2018 թվականից հետո շատ բան է փոխվել։ Ճիշտ է՝ մենք քաղաքագետներ չենք, որ վերլուծենք, բայց մենք տեսանք, որ մինչև սրանց գալն ամեն ինչ նորմալ էր, տեղը տեղին էր, ամեն ինչ կար, մենք մեր ապագան տեսնում էինք, բայց այս պատերազմից հետո լրիվ խառնվել է, ինչի հետևանքով այսօր այս դրության մեջ ենք։

Մինչև 2018 թվականը ոչ մի արցախցու մտքով այսպիսի բան չէր անցնի, հակառակը, մենք մեզ աշխարհի տերն էինք զգում այն ժամանակ։ Այ, հիմա է, որ հիասթափված ենք, ցավ է, որ այսպես է, չպետք է լինի այսպես, չպետք է լինի, դա է ցավը»։

Ստեղծաված իրավիճակից ելքը ո՞նց եք տեսնում․ հարցրեցինք Քաջիկ Հարությունյանին․

«Համախմբում, ուրիշ ոչ մի բան։ Մտածում ենք՝ ո՞նց անենք, որ մի բռունցք լինենք, միահամուռ լինենք, թևութիկունք լինենք, որովհետև ինչպես արդեն նշեցի, այս պահին դեռ մենք մեզնով ենք, դրսից օգնություն չեմ տեսնում, այդ թվում՝ նաև Հայաստանից։ Որովհետև չի կարող պատահել մի պետություն՝ մեր հակառակորդ պետությունը, ճանապարհը փակի, իսկ մի պետություն՝ Հայաստանը, պետականորեն չկանգնի դրա դիմաց։

Մեր աշխարհագրական դիրքն այնպես է, որ 4 կողմով շրջապատված ենք, շրջափակման մեջ ենք, բայց մեզ ուրիշ տեղ չունենք գնալու, Աստված չանի՝ կամ պետք է այստեղ կոտորվենք, կամ էլ․․․ Աշխարհն էլ կուրացած է, աշխարհի ականջները խլացած են, լեզուն կապ է, փաստորեն, բոլորը մեր հակառակորդի կողմն են․․․

Մենք այսօր միայն մեզնով ենք, զորքը հանեցին, մեզ թողեցին մենակ, զենքը տարան, թողեցին մենակ: Հարցեր կան, երբ մարդ խորը մտածում է, ուզում է խելագարվի․․․»։

Քաջիկ Հարությունյանի համար հասկանալի է թշնամու նպատակը՝ արցախցիների մոտ վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նաև այդ ձևով հայաթափեն Արցախը, բայց դա նրանց չի հաջողվի․

«Այսօրվա դրությամբ Արցախից դուրս գալու մասին մտածող չկա։ Հուսանք, որ վերջը լավ է լինելու, այդ հույսով ենք ապրում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս