Ադրբեջանը ոչ միայն ուզում է Լաչինի միջանցքը փակել, այլև միջանցք ստանալ դեպի Նախիջևան. Հրանտ Բագրատյան

Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ադրբեջանական հերթական սադրանքից հետո Հայաստանի իշխանություններին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը։

ՀՀ նախկին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր.  «Գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը։ Հուշեմ նաև ընդունելի բանաձևերից մեկը. «ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի Հանրապետության կազմից»»։

Այսօր 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Հրանտ Բագրատյանը նշեց. «Առայժմ պետք է սպասել, որպեսզի ռուս խաղաղապահները փորձեն բացել ճանապարհը: Նրանք փորձում են:

Հայաստանում կան ուժեր, որոնք նույնիսկ լկտիաբար հայտարարում են, թե ռուսներն են փակել. ես այդ հայտարարությունները համարում եմ «բիկինի» հայտարարություններ»:

Կարդացեք նաև

Քաղաքական գործիչը համոզված է՝ եթե ադրբեջանցիներին ատամ ցույց չտանք, ուժ ցույց չտանք, Ադրբեջանն այս սցենարը պարբերաբար կրկնելու է:

«Սա հիմնականում հետևանք է նրա, որ Ադրբեջանը ոչ միայն ուզում է Լաչինի միջանցքը փակել, այլև դրան զուգահեռ՝ նաև միջանցք ստանալ դեպի Նախիջևան»,- հավելեց Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան. միջանցքը փակած ադրբեջանցիները, որոնք իրենց անվանում են բնապահպաններ, նաև վրաններ են տեղադրել։

Արցախի Հանրապետությունը զրկված է սննդի, էներգակիրների, դեղորայքի մատակարարումից, չկա գազ, ծանր հիվանդները չեն կարողանում տեղափոխվել Երևան. 120․000-ից ավելի արցախցի գտնվում է սովի, ցրտի և անորոշության պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս