«Այս ժողովուրդը մարաթոնյան վազքի սովոր ժողովուրդ չէ, կարճ տարածությունն է լավ վազում». Շիրակի թեմի առաջնորդ

Արդեն վեցերորդ օրն է, Ադրբեջանը փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

168.amի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ այս պահին չի տեսնում, որ Արցախի ճանապարհը բացելու առնչությամբ ժողովուրդը որևէ բան անի։

«Չեմ տեսնում, որ որևէ բան արվի, այն, ինչ արվում է՝ հավասար է ոչինչ չարվելուն, մանավանդ իշխանությունների կողմից ես որևէ բան չեմ տեսնում, որ անեն։

Արդեն ես ցավալիորեն արտահայտվել եմ, ասել եմ, որ եթե այսպես շարունակվի՝ առնվազն սպասվում է բռնագաղթ, առնվազն»,- նշեց Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Կարդացեք նաև

Նա դժվարացավ ասել, թե ինչու են մարդիկ այսքան անտարբեր, երբ Արցախը կորցնելու ճանապարհին ենք։

«1988 թվականին երևի սերունդն ուրիշ էր, որ ոտքի կանգնեցին, դժվար է բացատրելը։ Այն ժամանակ երևի Խորհրդային Միությունից էին հոգնած, հիմա անկախությունից է հոգնած։ Այս ժողովուրդը երկար՝ մարաթոնյան վազքի սովոր ժողովուրդ չէ, կարճ տարածությունն է լավ վազում, երկար չի վազում, հոգնում է»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը։

Միաժամանակ նա ասաց, որ այսօր Գյումրիում խաչերթ է իրականացվել, որը զուգադիպել է Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակելու հետ, ուստի աղոթ են հղել առ Աստված՝ հանուն Արցախի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս