Հայաստանում նույնպես կան այդպիսի մարդիկ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանում ևս կան այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականներ։ Նախօրեին ճեպազրույցի ընթացքում Զախարովան, անդրադառնալով թուրք գեներալ-գնդապետի՝ Ադրբեջանի նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակմանը, և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշ դեպքերում ՆԱՏՕ-ի ներթափանցումը հետխորհրդային տարածք Ռուսաստանի կողմից ընկալվում որպես սպառնալիք, իսկ որոշ դեպքերում Մոսկվան նախընտրում է աչք փակել դրա վրա, ասել է, թե համաձայն չէ այդ պնդմանը:
«Ես տեսնում եմ այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականներին ոչ միայն Ադրբեջանում։ Նրանք կան նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարևան երկրներում։ Հայաստանում նույնպես կան այդպիսի մարդիկ։ Չեմ խոսում համանման պաշտոնների մասին, սակայն տարբեր քաղաքացիություն ունեցող մարդիկ խորհրդատվություններ են իրականացնում և հանդես են գալիս խորհրդականների կարգավիճակում»,- նշել է Զախարովան։
Նրա որակմամբ, յուրաքանչյուր երկիր ունի իր գործընկերների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնելու ինքնիշխան իրավունք։ «Միևնույն ժամանակ, մենք ելնում ենք նրանից, որ այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Հարավային Կովկասում առկա ուժերի հավասարակշռությունը։ Մենք պարբերաբար այդ թեզերը հասցնում ենք տարածաշրջանի մեր գործընկերներին»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Եվ հենց այս լարված օրերին Ադրբեջանի նախագահի խորհրդականի պաշտոնում է նշանակվում թուրք գեներալ-գնդապետ։