Արտառոց իրավիճակ ֆինանսական շուկայի համար

Հայաստանի ֆինանսական շուկան 2022թ. սկզբից հայտնվել է արտառոց իրավիճակում։

Տարադրամային անսպասելի հոսքերի հետևանքով, տարեսկզբից արժևորվեց ազգային արժույթը։ Բայց դա պայմանավորվեց ոչ թե ներքին տնտեսության ակտիվ զարգացումներով, այլ դրսից թելադրված տարադրամի առաջարկով։

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանգեցրեցին նրան, որ տարբեր ճանապարհներով մեծ քանակությամբ տարադրամ սկսեց հոսել Հայաստան։

Մասնավոր տրանսֆերտների անվան տակ 10 ամսում ստացվեց ավելի քան 4 մլրդ դոլար։ Միայն Ռուսաստանից 2,8 մլրդ դոլար՝ գրեթե 4 անգամ ավելի շատ, քան 2021թ.։

Գերազանցապես ռուսական կապիտալի հաշվին էր տրանսֆերտների այդպիսի բարձր ակտիվությունը։ Այլ երկրներից ֆինանսական հոսքերի էական տեղաշարժեր չեղան։

Նախկինում երբևէ տրանսֆերտային այդպիսի հոսքեր չէին արձանագրվել։

Բայց դրանք այն տրանսֆերտները չէին, ինչ մինչ այդ ստանում էին մեր քաղաքացիները։

Դրանք գումարներ էին, որոնք իրենց հետ բերում էին Հայաստան հարկադրաբար տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները, այստեղ իրենց կեցության ու ապրելու ծախսերը հոգալու համար։ Երբեմն էլ գումարները տեղափոխում էին՝ պատժամիջոցներից պաշտպանելու ակնկալիքով։

Արդյունքում՝ Հայաստանի բանկային համակարգում սկսեցին մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ պտտվել՝ ապահովելով բարձր եկամտաբերություն։

Բանկերն աննախադեպ մեծ շահույթներ ստացան՝ ոչ միայն ֆինանսական հսկայական հոսքերի, այլև՝ միջնորդական ծառայությունների գները կտրուկ բարձրացնելու, նաև տարադրամի փոխանակումների արդյունքում։ Հայաստանի արժութային շուկայում հայտնվեցին տարադրամի 2 տիպի փոխարժեքներ՝ կանխիկի և ոչ կանխիկի համար։ Պակասի հետևանքով՝ բարձրացավ կանխիկ տարադրամի գինը։

Տարադրամային ակտիվ հոսքերը նկատվեցին 2022թ. մարտից սկսած։ Դրա ազդեցությունն արտահայտվեց առաջին հերթին արժութային շուկայում։ Մինչ ամբողջ աշխարհում դոլարն ամրապնդվում էր, Հայաստանում սկսեց արժեզրկվել։ Եվ ոչ միայն դոլարը, նաև եվրոն։

Հաշվի առնելով բարձր գնաճը և փոխարժեքների դերը գնաճի վրա՝ Կենտրոնական բանկը բավական պասիվ դիրքորոշում ցուցաբերեց տարադրամի թուլացման ու դրամի արժևորման նկատմամբ։ Թեև ԿԲ-ն երբեմն-երբեմն դրամային ինտերվենցիաներ իրականացրեց և շուկայից տարադրամ դուրս բերեց, այնուհանդերձ դրանք համարժեք չէին տարադրամային այն հոսքերին, որոնք մեծացրել էին ճնշումն ազգային արժույթի վրա։

2022թ. մարտից մեկնարկեց տարադրամի արժեզրկումը։ Մինչ այդ դոլարի գինը փոխանակման կետերում տատանվում էր 490-500 դրամի միջակայքում, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում հասավ նույնիսկ 520-525 դրամի։

Հաշված ամիսների ընթացքում դոլարն էապես արժեզրկվեց։ Տարվա կեսերին այն կայունացավ 414-420 դրամի միջակայքում։

Բայց դա էլ երկար չպահպանվեց. այն բանից հետո, երբ Ռուսաստանում հայտարարվեց մասնակի զորահավաք, ինչից հետո քաղաքացիների հոսքերը Հայաստան կրկին ակտիվացան, տարադրամի արժեզրկումը վերսկսվեց։

Մի պահ դոլարի ոչ միայն գնման, այլև վաճառքի գինը 400 դրամից ցածր էր։ Նույնը՝ նաև եվրոյինը։ Թեև հիմա էլ տարբերությունը մեծ չէ։ Վերջին գրեթե 3 ամսում դոլարի փոխարժեքը տատանվում է 396-402 դրամի միջակայքում։ Եվրոն մի փոքր ավելի բարձր գին ունի՝ 415-425 դրամ։

Տարադրամի այսպիսի արժեզրկումն իր հետ բազմաթիվ խնդիրներ առաջ բերեց տնտեսության ու քաղաքացիների համար։

Դրա հետևանքով տնտեսության արտահանելի հատվածը հայտնվեց արտաքին շուկաներում մրցունակության հետ կապված լուրջ դժվարությունների առաջ։ Փոխարենը՝ էժան տարադրամը խթանեց ներմուծումը։ Ներքին շուկայում ևս տեղական արտադրողը հայտնվեց մրցակցային անհավասարության մեջ՝ ներմուծողների նկատմամբ։

Տարադրամի էժանացման հետևանքով լուրջ կորուստներ ունեցան նաև քաղաքացիները։

Նախ դա արտահայտվեց բանկային ավանդների, խոսքը՝ տարադրամային ավանդների մասին է, նույնքան կտրուկ արժեզրկմամբ։ Մարդկանց բանկային խնայողությունները մի քանի ամսում արժեզրկվեցին առնվազն 20 տոկոսով։

20 տոկոս արժեզրկումը համարժեք է 1 դոլարի հաշվով 90-100 դրամ կորստի։

Նույնպիսի կորուստներ կրեցին նաև դրսից տրանսֆերտներ ստացող մեր քաղաքացիները։

Վնասները մեծ էին հատկապես այն պատճառով, որ տարադրամի թուլացումը կամ դրամի ամրապնդումը գնաճի վրա չունեցավ այն ազդեցությունը, ինչը կարելի էր ենթադրել։ Թեև դա որոշ չափով զսպեց գնաճը, այնուհանդերձ գների էական նվազեցումներ հիմնականում չնկատվեցին։ Մրցակցային խնդիրների հետևանքով ապրանքային շուկաները շատ հաճախ չարձագանքեցին տարադրամի փոխարժեքների անկմանը։

Ֆինանսական համակարգում 2022թ. ստեղծված արտառոց իրավիճակը չսահմանափակվեց միայն արժութային շուկայի անսպասելի դրսևորումներով։ Անմասն չմնաց նաև բանկային համակարգը։

Չնայած ֆինանսական հսկայական հոսքերին ու խնայողությունների տեսքով բանկային համակարգ մտած կապիտալի մեծաքանակ մուտքերին, վարկային շուկան բավականաչափ պասիվ գտնվեց։ Բանկերում մեծ քանակությամբ կապիտալ կուտակվեց, բայց տնտեսությունը չկարողացավ դրան համարժեք պահանջարկ ձևավորել։

Բանկային ավանդներն ավելի քան 3 միլիարդ դոլարով գերազանցեցին տրամադրված վարկերին։

Սա արտառոց երևույթ էր բանկային համակարգի համար։ Երեք միլիարդ դոլարից ավելի կախված է մնացել բանկերում, բայց տնտեսությունը պահանջարկ չի ներկայացնում այն կլանելու համար։ Այնպես չէ, որ տնտեսությունը փողի կարիք չունի, պարզապես վերջին տարիներին վարկային ծանրաբեռնվածությունն այնքան է ավելացել, որ նոր միջոցներ ներգրավելու ու սպասարկելու հնարավորություններն էապես սահմանափակվել են։

Ֆինանսական համակարգում առկա այս իրավիճակը խնդրահարույց է հատկապես նրանով, որ կապված է ոչ թե ներքին տնտեսության ու տնտեսական զարգացումների, այլ արտաքին գործոնների հետ։ Իսկ այդ գործոնները ցանկացած պահի կարող են վերանալ՝ համակարգը կանգնեցնելով ցնցումների առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս