Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Իսպանիայի և Իռլանդիայի իշխանությունները մտադիր են մայիսի 21-ին ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
Բորելը նման հայտարարություն է արել մայիսի 9-ի երեկոյան՝ ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության շուրջ կայանալիք քվեարկության նախօրեին։
Իսպանական RNE ռադիոկայանի եթերում Բորելը նաև նշել է, որ նման քայլի կարող են գնալ նաև ԵՄ մյուս երկրները, մասնավորապես՝ Բելգիան ու Սլովենիան։
«Սա քաղաքական բնույթի խորհրդանշական գործողություն է։ Դա ավելին է, քան պետության ճանաչումը․ դրանով կճանաչվի գոյություն ունենալու՝ տվյալ պետության կամքը», – ասել է Բորելը:
ԵՄ երկրների շրջանում Պաղեստինի անկախության ճանաչման հարցի շուրջ քննարկումն ակտիվորեն սկսվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև մի քանի ամիս շարունակվող պատերազմի ֆոնին։
Մայիսի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, ամենայն հավանականությամբ, կհաստատի ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու՝ Պաղեստինի հայտը և այն կուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ քննարկման։
Իռլանդիայի պետական հեռարձակող ընկերությունը մայիսի 9-ին հայտնել է, որ Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան և Մալթան սպասում են ՄԱԿ-ի քվեարկությանը և նախատեսում են մայիսի 21-ին համատեղ հայտարարություն տարածել, որով կճանաչեն Պաղեստին պետությունը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դեռ մարտին էր հայտարարել, որ վերոնշյալ երկրների հետ համաձայնել են առաջին քայլերը ձեռնարկել Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ։
1988 թվականից ի վեր ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 139-ը ճանաչել է Պաղեստին պետությունը։