Երևանը կհյուրընկալի ՎԶԵԲ-ի 2024 թվականի տարեկան ժողովը և բիզնես ֆորումը
Երևանը գալիք շաբաթ կհյուրընկալի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Միասին ազդեցություն թողնենք» խորագիրը կրող 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը։
Միջոցառումն իր տեսակի մեջ լինելու է ամենամեծը Հայաստանում և այն կընդունի ավելի քան 2000 միջազգային մասնակցի, իսկ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ցույց է տալիս ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին և կովկասյան տարածաշրջանին։
Եռօրյա հանդիպումը բացվելու է մայիսի 14-ին, որին կմասնակցեն կառավարության պաշտոնյաներ, ֆինանսական և կորպորատիվ ղեկավարներ, ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ ՎԶԵԲ-ի կողմից սպասարկվող տարբեր տարածաշրջաններից:
Երևանի օպերային թատրոնում մայիսի 15-ին սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կառավարիչների խորհրդի բացման նիստում։ Բացման խոսքով հանդես կգան Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն, Լիտվայի ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։
Կառավարիչները մայիսի 16-ին կընտրեն նախագահ, որը կգլխավորի Բանկն առաջիկա չորս տարիների ընթացքում: Տիկին Ռենո-Բասոն առաջին անգամ ընտրվել է այդ պաշտոնում Բանկի 2020 թվականի տարեկան ժողովում, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:
Նշվում է, որ Կառավարիչները նաև կսկսեն դիտարկել Բանկի հաջորդ «ճանապարհային քարտեզը»՝ Ռազմավարական և կապիտալի շրջանակը, որը կսահմանի իր առաջնահերթությունները 2026-30 թվականների համար:
Բիզնես ֆորումում կքննարկվի թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությունը․ ֆինտեխ, արհեստական բանականություն և կիբերանվտանգություն, էներգետիկ անվտանգություն և վերականգնվող աղբյուրներ, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով առաջացած մարտահրավերները, թվայնացում զարգացող շուկաներում, և ֆինանսական ընդգրկում։
Հաղորդվում է, որ նրանք, ովքեր չեն կարող մասնակցել միջոցառմանը հենց Երևանում, կկարողանան ուղիղ եթերում հետևել միջոցառումների մեծ մասին։
Միջոցառման հրավիրյալ բանախոսներն են՝ Նուբար Աֆեյանը՝ Moderna-ի համահիմնադիրը, Թիերի Դիուն՝ Meridiaսm-ի գործադիր տնօրենը, Մարտին Վուլֆը՝ Financial Times-ից, Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, քաղաքագետ Մելանի Գարսոնը պրոֆեսոր և պատմաբան Հարոլդ Ջեյմսը և ԱՄՆ գանձապետարանի միջազգային առևտրի և զարգացման հարցերով քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթուն:
Բանկը մայիսի 15-ին կհրապարակի նաև Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների իր զեկույցը։
Բիզնես ֆորումի կարևոր իրադարձություններից է նույն օրը կայանալիք Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը։
Վերջին հինգ տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը 640 մլն եվրո է ներդրել Հայաստանում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական համայնքների թվայնացմանը:
Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 2․1 միլիարդ եվրո՝ 210 ծրագրերում: