«Եկեղեցին երբևէ քաղաքականությունից դուրս չի եղել՝ սա Կաթոլիկ եկեղեցին չէ, որն ունի Հռոմի պապ և որը գտնվում է ամեն ինչից վեր և դուրս». Վարդան Խաչատրյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, արդեն երկրորդ օրն է՝ խաղաղ ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում, երեկ Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Անհնազանդության ակցիաները սկսվել են ապրիլի 19-ից, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու որոշման մասին: Սկսած գործընթացի արդյունքում շատ բնակիչների տներ հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բնակիչների խոսքով՝ իշխանությունները սահմանազատման անվան տակ հայկական տարածքներ են զիջում Ադրբեջանին, ուստի պահանաջում են դադարեցնել այդ ապօրինի գործընթացը։

Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը նախ հանրահավաքի մասնակիցների անունից մեկ ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելուց համար, ապա ևս 20 րոպեով երկարացրեց սահմանած ժամկետը: Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք չեղավ, փոխարենը՝ իշխանական պատգամավորները և մերձիշխանական պաշտոնյաները սոցիալական ցանցերում հանդես եկան Փաշինյանի ընտրված լինելու մասին գրառումներով: Ի վերջո, արդեն երեկոյան՝ ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո Բագրատ սրբազանը հայտարարեց իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։

Այս ամեննին զուգահեռ՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում էր և հիմա էլ շարունակում են  մեղադրանքներ ու զրպարտություններ տարածել Հայ Առաքելական եկեղեցու, նրա սպասավորների և, մասնավորապես, Բագրատ սրբազանի հասցեին, թե եկեղեցին ու հոգևորականը զբաղվում են քաղաքականությամբ։

168.amհետ զրույցում փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ Վարդան Խաչատրյանը խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և եկեղեցու դեմ իշխանությունների սկսած քննադատության ու հակաքարոզչական արշավի մասին, ասաց.

Կարդացեք նաև

«Եկեղեցին երբևէ քաղաքականությունից դուրս չի եղել։ Եկեղեցու պատմական ամբողջ ընթացքը քաղաքականության հետ սերտ հարաբերություններ ունի, որովհետև եկեղեցին հսկա կառույց է եղել, որը շատ դեպքերում, նույնիսկ պետականության փլուզման ժամանակ, հասարակությանը պահել է իր վրա՝ որպես ամբողջականություն։ Սա է պատճառը, որ նա սերտ կապեր ունի, իսկ արևելյան եկեղեցին ավելի քան սերտ կապեր պետք է ունենա, որովհետև այդպիսին է նրա բացառիկ ավանդույթը, խոսքը վերաբերում է արևելյան քրիստոնեական եկեղեցիներին։ Նրանք շատ ավելի սերտ են կապված իրենց իշխանության հետ, որովհետև սա Կաթոլիկ եկեղեցին չէ, որն ունի Հռոմի պապ և որը գտնվում է ամեն ինչից վեր և դուրս։ Ըստ էության, անգամ Իտալիայի ներսում ունի իր Վատիկանը, այսպես ասած՝ նստավայրը, որը պետություն է»։

Վարդան Խաչատրյանը նաև ընդգծեց՝ հասարակության մեջ քաղաքականությունից դուրս ոչինչ չկա, գոյություն չունի, նույնիսկ ջրամատակարարումն ու գազամատակարարումն ունեն քաղաքական հենք։ Չկա մարդ, որը դուրս է քաղաքականությունից, և գոյություն չունեն արգելանքներ որևէ մեկի կողմից քաղաքականությանը մասնակցելու համար։

«Եկեղեցին առանձնակի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ և դժվար է այդպիսի տաբուներ սահմանել որևէ ուղղության վրա, ոչ միայն եկեղեցուն վերաբերող։ Եկեղեցու առաջ քաշած միտքն այն է, որ հասարակության մեջ գոյություն ունեցող բզկտվածությունն անհրաժեշտ է վերացնել, վերականգնել համերաշխությունը։ Հիմա այստեղ մեկի մոտեցումն այն է, որ պետք է ներկայիս ռեժիմը փոխվի, մեկի մոտեցմամբ էլ՝ անհրաժեշտ են նոր ընտրություններ, որով կձևավորվի պառլամենտական կյանք։ Մոտեցումները կարող են տարբեր լինել, այստեղ խնդիր չկա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եկեղեցին կարո՞ղ է պահանջել երկրի ղեկավարի հրաժարականը, Վարդան Խաչատրյանը պատասխանեց.

«Որպես այդպիսին, ես եկեղեցու կողմից նման պահանջ չեմ լսել, սա անձանց պահանջ է, և եթե դա լինի բյուր մարդկանց պահանջ, կլինի բյուր մարդկանց պահանջ ու կլինի «ձայն բազմաց, ձայն Աստծո»։ Սա Աստվածաշնչից է։

Եկեղեցին այդպիսի խնդիր չի դնում, որովհետև այդ դեպքում դա պետք է անցնի մի ամբողջ կանոնակարգված գործողությունների հաջորդականությամբ՝ կաթողիկոսի գլխավորությամբ»,- պարզաբանեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս