Անհաղթահարելի պահանջ չենք դրել, նշաձողն ենք սահմանել՝ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է. Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, անդրադառնալով իշխանական փորձերին՝ իրեն և իր գլխավորած շարժումը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որոշների էլ՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապելու փորձերին, հայտարարել է, որ դա անողները ստախոս են և այդ ձևով փորձում են մարդկանց մտքերը պայքարի բովանդակություններից հեռու տանել:
«Փորձում են կապել անձերի հետ, մեծ երկրների, ազդեցության գոտիների հետ, մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել: Եվ դրա համար եմ խորհուրդ տվել միշտ հայելի պահել ձեր տներում, տնից դուրս գալուց և մտնելուց հայելու մեջ նայել»,- շեշտել է նա՝ հավելելով, որ տեսանյութ են տարածել և այդտեղ առանձնացրել միայն Իշխան Սաղաթելյանին, չտեսնելով ծանոթ և անծանոթ այլ մարդկանց:
«Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու են կոչված, կոչված են, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, որ հոգևոր Հայաստանը հաղթի նոր Հայաստանին, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի և գովելի: Իսկ բոլոր նրանք, ովքեր ծախու գրչակներ են, ովքեր պատվերով իրենց ինքնությունը վաճառողներ են, իրենց բերանը շաղ տվողներ են՝ մարդկանց վիրավորելով, պախարակելով, նրանք ուղղակի որպես գոյացություններ՝ կվերանան մեր կյանքից»,- շեշտել է Սրբազանը՝ հիշեցնելով, որ անցած օրը հստակ բանաձևել է հավաքվածների կամ հանրության պահանջը՝ ներկա կառավարության ղեկավարը պետք է հրաժարական տա:
«Դա ձեր պահանջն է եղել: Մեզ ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել, ոչ: Անհաղթահարելի պահանջ չենք դրել: Մենք նշաձողն ենք սահմանել, էս ժողովրդի ցանկությունն է դա, պահանջն է դա: Թաքցնել, խաղալ, ոլորվել, մոլորվել չկա, Հայաստան աշխարհում պիտի հստակ լինի՝ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է: Եվ մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա արձանագրվի որպես այդպիսին»,- շեշտել է Բագրատ Սրբազանը:
Այս համատեքստում անդրադառնալով ՔՊ-ականների հրահանգված արշավին՝ «Նիկոլ Փաշինյան, լեգիտիմ վարչապետ», Սրբազանն ապացուցել է Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը, բերելով կոնկրետ փաստեր:
Մանրամասները՝ տեսանյութում