Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին

Սիրուշ Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհին՝ Լիլիթ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարության՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի գլխավորությամբ տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ նա փակել էր Վ. Բրյուսովի անվան համալսարանի դուռը և թույլ չէր տվել ուսանողներին դուրս գալ ու միանալ երթի մասնակիցներին։

Նա իր նամակում մասնավորապես գրում է.

«Պարոն Գյուրջինյան, Ձեզ գրում է Ձեր ավագ գործընկերոջ՝ լուսահոգի Սիրուշ Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհին։ Տատիկիս հայրենասիրության, ՀԱՅԵՐԵՆասիրության, մասնագիտական նվիրվածության մասին թերեւս լավ գիտեք։

Դուք ժամանակակից այն քիչ լեզվաբաններից էիք, ում տատիկս լեզվի Մասնագետ էր համարում։ Ես էլ, առաջնորդվելով տատիկիս կարծիքով, միշտ մտածել եմ, որ Դուք ո՛չ միայն լավ լեզվաբան, այլ նաեւ Ձեր դասավանդած արժեքների իրական կրող եք։ Ցավում եմ, որ Ձեր հոգին վաճառքի եք հանել, ուրացել եք ինքնություն ու ազգային արժեքներ։

Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը։

Ցավում եմ, որ նախընտրում եք պաշտոնավարել ժամանակավոր ազգադավի օրոք, ոչ թե մարդ մնալ բոլոր ժամանակներում:

Ցավում եմ, որ խոսում եք արժեքներից՝ ինքներդ չլինելով դրանց կրողը։

Ցավում եմ Ձեր բոլոր նախկին ու ներկա ուսանողների համար»։

Նշենք, որ այդ միջադեպից հետո Բագրատ Սրբազանը, հեռակա դիմելով Գյուրջինյանին, ասել էր, որ ամաչում է երբեմնի մտերիմ ընկերոջ փոխարեն։

Տեսանյութեր

Լրահոս