ՀՀԿ-ի հետ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. երբ շարժումն առաջնորդողը կներկայացնի լեգիտիմ թեկնածուի, մեր հավանությունը կտանք. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն խոսակցություններին, ըստ որի՝ վարչապետի թեկնածուի հարցը կռվախնձոր է դարձել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գլխավորած ուժերի միջև, այսինքն, չեն կարողանում որոշել՝ ով պետք է լինի վարչապետի թեկնածուն:
«Շատ անհեթեթ պնդում է: Ես՝ որպես «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար և ՀՀԿ ԳՄ անդամ, կարող եմ ասել, որ երեկ մասնակցել եմ քննարկմանը, որը Բագրատ Սրբազանի հորդորով կամ կոչով տեղի է ունեցել ընդդիմադիր խմբակցությունների հետ: Հիմնական հարցը, որ քննարկվել է, վերաբերել է նրան, որ եթե շարժումը կամ առաջնորդներն իրավիճակը զարգացնեն և խորհրդարան գան անվստահության գործընթացով, պատրա՞ստ է խորհրդարանական ընդդիմությունն աջակցելու:
Մեր ֆրակցիայի անունից մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել մեր ներդրումը մեր հնարավորությունների չափով ունենալու այն իրավասությունների մասով, որով այդ պահին մեզ դա ներկայացվել է: Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումների խնդրին, ապա մեր խմբակցության կամ կուսակցության հետ նման քննարկում չի եղել:
Մենք ինքներս որևէ թեկնածուի մասին հայտ չենք ներկայացրել: Մենք համարում ենք, որ այսօր կա շարժում, կա նախաձեռնություն, որն ունի իր առաջնորդը, և երբ որ նա կհամարի, որ հանրային այս մոբիլիզացիայի պայմաններում կա լեգիտիմ թեկնածու, որով պետք է ներկայանան խորհրդարան, այդ գործընթացին, ապա մենք մեր հավանությունը կհայտնենք, մեր խոսքը կասենք»,- նշել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում