Ինչպե՞ս դանդաղեցնել ծերացումը. Ի՞նչ ուտել, ի՞նչ վիտամիններ օգտագործել, ինչի՞ց հրաժարվել
Կանաչ տերեւաբանջարեղենը դանդաղեցնում է ուղեղի ծերացումն՝ օգնելով պահպանելու հիշողությունը եւ մյուս ճանաչողական գործառույթները: Այս եզրակացությանն են հանգել Ռաշի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի ամերիկացի մասնագետները: Նրանք հետազոտություն են կատարել, և այն մասնակիցների մոտ, ովքեր մասնակցել են այդ հետազոտությանը և շատ կանաչեղեն են կերել, ւղեղի ծերացման նշանները դրսեւորվել են ավելի քիչ չափով: Հետազոտողների խոսքով՝ նրանք 11 տարով ավելի երիտասարդ են եղել նրանցից, ովքեր բանջարեղեն չեն գործածել:
Վաղաժամ ծերացումը կանխարգելելու համար հարկավոր է նաև առողջ սնվել և սպորտով զբաղվել:
Առողջությունն ու գեղեցիկ արտաքինը պահպանելու համար հարկավոր է հավասարակշռել սննդակարգը՝ պարբերաբար օգտագործելով բավարար քանակով վիտամիններ, հանքանյութեր, սննդարար այլ նյութեր պարունակող մթերք, ֆիզիկապես ակտիվ լինել, հրաժարվել վնասակար սովորություններից:
Կա մի քանի տարր, որոնց օգտագործումը շատ կարևոր է մաշկի առողջության համար: Դրանցից են՝
Ֆոլաթթու: Անհրաժեշտ է սննդակարգ ներառել մթերք, որը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը: Ուշադրություն դարձրեք ֆոլաթթվին, որը կարևոր է ոչ միայն մաշկի, այլև առողջության պահպանման համար:
Երկաթ: Այս հանքանյութն անհրաժեշտ է հեմոգլոբինի մակարդակի կարգավորման, ինչպես նաև թթվածինն օրգաններին և հյուսվածքներին մատակարարելու համար: Երկաթի բավարար մակարդակն օգնում է կանխարգելել անեմիայի և լեյկոզի զարգացումը:
Վիտամին D: Վիտամին D-ի բավարար մակարդակը հնարավորություն է տալիս յուրացնել կալցիումը, որը չափազանց կարևոր է կնոջ առողջության համար: Այս վիտամինն անհրաժեշտ է նաև մաշկի առողջության համար, քանի որ մեծացնում է կոլագենի արտադրությունը՝ սննդարար նյութ, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, դանդաղեցնում ծերացումը:
Կալցիում: Կանայք ավելի հաճախ են տառապում օստեոպարոզով, ռևմատիզմով, ոսկորների ու հոդերի հետ կապված այլ խնդիրներով: Կալցիումի բավարար մակարդակը հնարավորություն է տալիս պահպանել ոչ միայն ոսկորների, այլև ատամների, եղունգների, մազերի առողջությունը:
Մի մոռացեք նաև նվազագույնի հասցնել շաքարի և ճարպերի օգտագործումը: Հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմել, քնել նվազագույնը 8 ժամ:
Օրինակ՝ Կարմիր գինին և շոկոլադն ունեն անհամար օգուտներ ռեսվերատրոլ կոչվող բնական քիմիական նյութի շնորհիվ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեսվերատրոլի ամենահայտնի աղբյուրը կարմիր գինին է, իսկ ամենատարածվածը՝ կարմիր խաղողի կեղևը, հում կակաոն և մուգ հատապտուղները:
Դրանք փաստում են, որ ռեսվերատրոլը կարող է օգտագործվել բջիջները երիտասարդացնելու համար:
Այս նյութի ազդեցությունից հետո բջիջները դառնում են ոչ միայն երիտասարդ, այլև ավելի ակտիվ:
Հետևաբար, համտեսելով մուգ շոկոլադ և մի բաժակ կարմիր գինի, դուք կզգաք ռեսվերատրոլի բոլոր դրական հետևանքները:
Իսկ ո՞ր մրգերն ու բանջարեղենն են օգնում դադարեցնել կնոջ կտրուկ ծերացումը 50 տարեկանից հետո:
Վիտամինային ներուժը կախված է բանջարեղենի կամ մրգի գույնից: Իմանալով դրանց առանձնահատկությունները՝ կարող եք բազմազան դարձնել ձեր սննդակարգը և միաժամանակ բարելավել առողջությունը:
Կանաչ բանջարեղեն և միրգ
Կանաչ բանջարեղենը հարուստ է քլորոֆիլով, ինչպես նաև իզոթիոցիանատներով: Դրանք հարուստ են B և K վիտամիններով, կալիումով: Բացի այդ, կանաչ սնունդն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս:
Դեղին բանջարեղեն և մրգեր
Դեղին մրգերն ու բանջարեղենը վիտամին C-ի աղբյուր են: Այն անհրաժեշտ է ոչ միայն իմունային համակարգն ուժեղացնելու, այլև նյարդային համակարգի աշխատանքը բարելավելու համար:
Կարմիր բանջարեղեն և միրգ
Կարմիր մրգերն ու բանջարեղենը պարունակում են վիտամինների և հանքանյութերի մի ամբողջ շարք: Դրանք հավասարապես լավ ազդեցություն ունեն իմունային և սրտանոթային համակարգերի վրա:
Նարնջագույն բանջարեղեն և մրգեր
Նարնջագույն բանջարեղենը և մրգերը բետա-կարոտինի, A վիտամինի և ռետինոլի հիմնական աղբյուրն են: Այս նյութերը պատասխանատու են լավ տեսողության համար և պահպանում են մաշկի լավ վիճակը:
Սպիտակ բանջարեղեն և մրգեր
Սպիտակ բանջարեղենը և մրգերը հատկապես կարևոր են աշնանը և ձմռանը: Դրանք կօգնեն ամրապնդել իմունային համակարգը և պայքարել սեզոնային հիվանդությունների դեմ:
Մաշկի տեսքը բարելավել կարող են լոլիկները: Դրանցում պարունակվող լիկոպին հակաօքսիդիչը, ինչպես նաեւ A եւ C վիտամինները նորացնում են դեմքի մաշկը, գրում է հրատարակությունը:
Լոլիկի ամենօրյա գործածության դեպքում ուլտրամանուշակագույնից մաշկի պաշտպանությունը մեծանում է 33 տոկոսով, ինչպես նաեւ դանդաղում են ծերացման գործընթացները:
Բացի դրանից, օգտակար է թեյը, որը բարերար է ազդում ոչ միայն մաշկի, այլեւ անոթների վրա: Բորբոքային գործընթացների վերացման համար լավագույն մթերք է ճանաչվել բրոկոլին: Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ ընկուզեղենի վրա, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ, կալցիում, կալիում եւ A, E, B6, B12 վիտամիններ: Նշվում է, որ դրանք օրգանիզմում պահպանում են ջրի հավասարակաշռությունը: Մաշկի վերականգնման գործընթացներն արագացնելու եւ կճիռների հայտնվելը դանադաղեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս գործածել ավոկադո եւ սաղմոն: Մաշկի առաձգականության համար նաեւ մասնագատներն օգտակար են համարել ձիթայուղը, թերթավոր սալաթները, հապալասը եւ մուգ շոկոլադը:
Հապալասը հարուստ է A և C վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել բորբոքումները և պաշտպանել մարմինը օքսիդացումից, որը հանգեցնում է ծերացման և հիվանդությունների: Հապալասն աստվածային պարգև է նրանց համար, ովքեր ցանկանում են դանդաղեցնել մարմնի և ուղեղի ծերացումը:
European Journal of Nutrition-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հապալասը ոչ միայն կանխում է ԴՆԹ-ի վնասը, որը հանգեցնում է օրգանիզմի ծերացմանը, այլ նաև կարող է օգնել կանխել քաղցկեղը։ Միաժամանակ գիտնականները պարզել են, որ չորացրած հատապտուղներն ունեն նույն հատկությունները, ինչ թարմը։
Ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ն ապահովում է մաշկի և մազերի առողջությունը։ Այն նաև կանխում է օրգանիզմի ծերացումը:
Ըստ մասնագետների՝ օրգանիզմում բոլոր կենսաքիմիական գործընթացները տեղի են ունենում B խմբի վիտամինների, այդ թվում՝ B2-ի մասնակցությամբ։ Այն նաև կոչվում է «գեղեցկության վիտամին», քանի որ մասնակցում է մարմնում սպիտակուցի մոլեկուլների սինթեզին և դանդաղեցնում ծերացումը:
Վիտամին B2-ով հարուստ են ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման մթերքներ։ Վիտամին B2-ը հայտնաբերված է կաթում, պանրում, կաթնաշոռում, ձվի մեջ, կենդանիների լյարդում: Բուսական մթերքներից այս տարրով հարուստ են սնկերն ու սոճու ընկույզը։
Կան նաև ծերացումն արագացնող մթերքներ:
Իսպանական Նավարայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել և պարզել են, որ վերամշակման բարձր մակարդակ ունեցող մթերքները նպաստում են բջիջների ծերացմանը:
Ուլտրամշակված մթերքների շարքին մասնագետները դասել են հացաբուլկեղենը, գազավորված ըմպելիքները, աղանդերները, եգիպտացորենի փաթիլները՝ շաքարավազով, կիսաֆաբրիկատները և վերամշակված մսամթերքը:
Վերոնշյալ բոլոր մթերքները պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ, ներկանյութեր, շաքար, ճարպ, աղ: Այս մթերքները պարունակում են նվազագույն քանակությամբ մանրաթել և վիտամիններ:
Մասնագետները պարզել են նաև, որ նման անառողջ սննդի օգտագործումը նվազեցնում է քրոմոսոմների ծայրային հատվածները՝ տելոմերները: Դրանք կարճանում են տարիքի հետ, իսկ ուլտրամշակված սննդի սպառումն արագացնում է այդ գործընթացը:
Ըստ սննդաբանների՝ կարելի է հասնել մաշկի ծերացման դանդաղեցմանը, եթե ամբողջությամբ հրաժարվեք ռաֆինացված շաքարից։ Բացի այդ, դա կօգնի ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել շաքարախտի ու հիպերտոնիայի առաջացման վտանգը, բարելավել անոթների վիճակը։
«Եթե մարդը դադարի ռաֆինացված շաքար և այն պարունակող մթերքներ օգտագործել, ապա ավելորդ քաշի բնական նվազում կլինի։ Հեշտ կլինի վերահսկել մարմնի քաշը, քանի որ քաղցր սնունդը կարճ ժամանակով հագեցնում է օրգանիզմը։ Շաքարի ընդունման միանշանակ կրճատումը կարգավորում է արյան ճնշումը և նվազեցնում հիպերտոնիայի վտանգը»,- ասել է մասնագետը։
Նա հավելել է, որ մարդիկ, ովքեր սովոր են շատ քաղցրավենիք չուտելուն, ավելի երկար են ֆիզիկապես ակտիվ մնում, դեմքի գույնն ավելի լավն է, իսկ կնճիռները շատ ավելի ուշ են հայտնվում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անհնար է ամբողջությամբ հրաժարվել շաքարից, քանի որ գլյուկոզան օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն է։
Պետք է խուսափել նաև ընկճախտի մեջ ընկնելուց. Այն կարող է զգալիորեն արագացնել ճանաչողական գործառույթների վատթարացումը եւ ուղեղի ծերացումը, ինչպես նաեւ նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը:
Հետազոտողները մշակել են ուղեղի սքանավորման նոր մեթոդ, որի ընթացքում պացիենտներին ներարկել են ռադիոակտիվ նյութ, որն օգտագործվել է որպես կոնտրաստ: Այն յուրահատուկ սպիտակուցի հետ միահյուսվել է սինապտիկ բշտիկներում, որը մասնակցում է սինապսի (երկու նեյրոնների միջեւ կոնտակտ) միջոցով ազդանշաններ հաղորդելուն: Պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիայի ընթացքում կոնտրաստն սկսում է արձակել գամմա-քվանտներ, որոնք գրանցվում են դետեկտորների կողմից:
Պարզվել է, որ այն պացիենտների մոտ, որոնք տառապում են ընկճախտից, սինապսների խտությունն ավելի ցածր է քան նույն տարիքի մարդկանց մոտ: Դրա հետ մեկտեղ ախտանիշերի ծանրությունը, ներառյալ ուշադրության խախտումը եւ ավելի վաղ հաճելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, ուղղակիորեն համահարաբերակցել է նեյրոնների միջեւ կոնտակտների բաժանման հետ:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ընկճախտը կարող է արագացնել կենտրոնական նյարդային համակարգի ծերացումը, սակայն դա հաստատելու համար պահանջվում են հետագա ուսումնասիրություններ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը