Հայաստանը շարունակում է վստահորեն առաջ շարժվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում շարունակում է վստահորեն առաջ գնալ. ոլորտը երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է:

Այս մասին տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան ամփոփիչ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Առկա ճգնաժամային պայմաններում բարձր տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ներհոսք եղավ Հայաստան: Տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են մտնում իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, մեծ ընկերությունների հետ բանակցելու իրենց մարտավարությամբ: Անհրաժեշտ է սա որպես մարտահրավեր ընդունել և շարունակել այս ուղղությամբ մեծ աշխատանքներ ու ջանքեր գործադրել: Պետք է նաև խոստովանել, որ Հայաստանում՝ որքան էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտը առաջատար է աճի տեմպերով, դրանց կիրառումը հասարակության շրջանում և բիզնեսում գտնվում է ոչ այնքան բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում այսօրվա պանելային քննարկումները շատ կարևոր են»,- նշեց Արշակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու համար գիտությունը, կրթությունը, արդյունաբերությունը և տնեսությունը պետք է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ նախարարության առջև խնդիր է դրված ջանքեր գործադրել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։ Նպատակին հասնելու կարևորագույն քայլերից մեկը գիտության զարգացումն է, որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը, հասարակության շրջանում գիտելիքի կարևորության ամրապնդումը։

«Մենք ունենք այնպիսի տաղանդավոր մասնագետներ, որոնք կարող են աշխատել բարդագույն ինժեներական և տեխնոլոգիական լուծումների վրա՝ ներկայանալով աշխարհին որպես բարձրակարգ մասնագետներ, Հայաստանը ներկայացնելով որպես տեխնոլոգիական երկիր։ Մենք հազարավոր կիլոմետրերով հեռու ենք Սիլիկոնյան հովտից, որտեղ նաև հայ մասնագետներն իրենց տեղն ու կարևոր դերն ունեն, բայց մենք ունենք մեր լեռների բարձունքներին հասնող միտք, որը Սիլիկոնյան հովտից հայկական լեռներն է բարձրացնում տեխնոլոգիական միտքն ու գաղափարները»,- նշեց նա:

Գագաթնաժողովը բաղկացած էր «Խելացի կառավարում», «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ», «Խելացի ենթակառուցվածքներ» խորագրերով պանելային քննարկումներից:

Խելացի կառավարումը ժամանակակից տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, որը համադրում է տեխնոլոգիայի և նորարարության օգտագործումը՝ կառավարման մարմիններում որոշումների կայացումը ու պլանավորումը հեշտացնելու և աջակցելու նպատակով:

Խելացի տնտեսությունը տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված տնտեսությունն է, որն ապահովում է արդյունավետություն, կայունություն և բարձր սոցիալական բարեկեցություն, ինչպես նաև ծառայում է որպես հաջողության շարժիչ: Նորարարությունների և ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ընդունումը բարձրացնում է արտադրողականությունը և մրցունակությունը՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքի որակը:

Խելացի բանկային համակարգն անմասն չէր կարող մնալ, երբ խոսքը վերաբերում է թվային լուծումներին, քանի որ բանկն այսօր յուրաքանչյուրիս գրպանում է։

Խելացի բանկային համակարգի մասին խոսեցին ինչպես թվային լուծումներ կիրառած ու բազմամյա փորձ ունեցող բանկերի ղեկավարները, այնպես էլ նորաստեղծ ստարտափի հիմնադիրները։

Խելացի ենթակառուցվածքները էական նշանակություն ունեն խելացի երկիր ստեղծելու գործում, իսկ հեռահաղորդակցության ընկերությունները՝ կենսական դեր են խաղում ենթակառուցվածքների անխափան կապի ապահովման համար։

Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունների տնօրենները քննարկեցին խելացի ենթակառուցվածքներ ստեղծելու տեսլականը։

Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:

2021թ. կայացավ Silicon Mountains երկրորդ համաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։

2022 թվականին կայացավ թվով երրորդ Silicon Mountains համաժողովը, որը նվիրված էր թվային փոխակերպմանը։ Միջոցառմանն աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը։ Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման: Միջոցառման ընթացքում կայացավ երկու պանելային քննարկում՝ Թվային փոխակերպում և Ֆինտեք։

Տեսանյութեր

Լրահոս