Հայկական Prelaunch ստարտափը՝ ընկերությունների գաղափարների կենսունակությունը ստուգելու հարթակ
Ի՞նչ կլիներ, եթե մինչև արտադրանքի թողարկումը հնարավորություն լիներ այն ներկայացնել թիրախային լսարանին, տեսնել ունեցած թերություններն ու խնդիրները, հետո միայն հասկանալ` արժե՞ ընդհանրապես թողարկել այն:
Prelaunch ստարտափը պրոդուկտների շուկա դուրս բերելու և վալիդացնելու հարթակ է, որն օգնում է ընկերություններին եզակի մշակված մեթոդաբանության միջոցով վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը և սահմանել ճիշտ գին:
«Գաղափարը ծագեց անմիջական խնդրից, որին մենք առնչվում էինք մեր TCF ընկերության (TCF- օգնում են նորարարական պրոդուկտներ արտադրող ընկերություններին իրենց արտադրանքի համար ստանալ ֆինանսավորում և դրանք դուրս բերել միջազգային շուկաներ) թիմով: Տարբեր շուկաներում հաջողություններ գրանցելուց հետո TCF-ի պատվերները ավելացել էին, իսկ մեր ռեսուրսները սահմանափակ էին. կարող էինք ընդամենը մի քանի պրոդուկտի վրա աշխատել: Նոր գործիքի անհրաժեշտություն զգացինք, որով ավելի հեշտ կլիներ բացահայտել տվյալ պրոդուկտի պոտենցիալը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Prelaunch և TCF ընկերությունների համահիմնադիր Նարեկ Վարդանյանը:
Ստեղծված նոր գործիքը նախ օգտագործել են TCF ընկերության համար: 2019 թվականին ծագած գաղափարը միայն 2022-ին է որպես առանձին հարթակ դուրս եկել շուկա: Հարթակում ներկայացվում է գաղափարի փուլում գտնվող նորարարական պրոդուկտի նկարագիրը: Գաղափարի հեղինակը ստեղծում է իր հաշիվը, նկարագրում արտադրանքը, ապա՝ հետևում, թե ով է թիրախային լսարանն ու ինչ թերություններ ունի գաղափարի փուլում գտնվող իր պրոդուկտը: Սպառողների կողմից հարթակն այլ կերպ է դիտարկվում: Եթե արտադրողը կարող է իր գաղափարը հարթակում ներկայացնել, ապա սպառողը կարող է հետևել իր սիրած արտադրողի, բրենդի նոր գաղափարներին:
«Պատկերացնենք՝ սպասում եք Adidas ընկերության նոր տեսականուն: Հարթակի միջոցով հնարավոր կլինի հասկանալ, թե ընկերությունն այս պահին ինչ պրոդուկտների վրա է աշխատում: Նոր պրոդուկտի նախատիպը կտեղադրվի հարթակում, դրա մասին բավարար տեղեկատվություն ստանալուց հետո ընկերությունը կորոշի արտադրել այն, թե՝ ոչ: X դոլար վճարելուց հետո սպառողը կարող է նշել, թե տվյալ պրոդուկտի ո՛ր գույնն ու ձևն է իրեն դուր գալիս՝ մասնակից դառնալով պրոդուկտի արտադրման փուլին: Հնարավորություն կստեղծվի նաև ամրագրել տվյալ արտադրանքը կամ ապագայում զեղչեր ստանալ՝ այն ձեռք բերելիս: Սա իրենից ոչ մի ռիսկ չի ենթադրում, ցանկացած պահի սպառողը կարող է չեղյալ համարել իր նվիրաբերումը»,- նշեց Prelaunch ստարտափի համահիմնադիրը:
Եթե նախկինում արտադրողն արտադրում էր, սպառողը՝ սպառում, ապա հիմա ստարտափն առաջարկում է սպառողին ևս մասնակից լինել արտադրման փուլին: Հարթակում այս պահին կա 1000-ից ավելի ընկերություն և 200-ից ավելի գրանցված պրոդուկտ: Այստեղ է ներկայացված նաև Buell Motorcycle ընկերության հիմնադիր, Harley-Davidson գլխավոր ինժեներ Էրիկ Բյուելի նախագծած նոր մոտոցիկլը, որի մասին գրել են տարբեր պարբերականներ, այդ թվում նաև Forbes-ը՝ հղում անելով Prelaunch-ին:
«Առաջ ենք գնում փուլ առ փուլ: Հիմա կենտրոնացած ենք ֆիզիկական նորարարական պրոդուկտների վրա, հետո կմտնենք նորաձևության ոլորտ: Չնայած ներկայում օպտիմիզացված ենք կոնկրետ այդ ուղղություններում, բայց հարթակում այս պահին 2 հավելված է գրանցված»,- նշեց Վարդանյանը:
Նմանը չունեցող ստարտափն արդեն ներգրավել է նպատակային ներդրումները: 1.5 մլն դոլարի սաղմնային ներդրում են ներգրավել BigStory VC, Formula VC և Granatus Ventures ներդրումային ֆոնդերից, BANA Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցից, ինչպես նաև այլ հրեշտակ ներդրողներից:
Ստարտափը հունվարին մասնակցելու է Consumer Electronics ցուցահանդեսին: Առաջիկայում կհայտարարեն նաև PrelaunchStudios-ի գործարկման մասին, որտեղ ընկերությունները կարող են ունենալ իրենց հետևորդները, շարունակաբար պրոդուկտներ թողարկել, տեսնել դրանց արձագանքը:
Կարինա Տերտերյան