
ՌԴ-ն Վիկտոր Բուտին փոխանակել է ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Աբու Դաբիի օդանավակայանում ռուսաստանցի Վիկտոր Բուտին ամերիկացի Բրիթնի Գրայների հետ փոխանակման մասին լուրը։ Վերջիններս իրենց պատիժը կրում էին համապատասխանաբար ԱՄՆ-ում ու ՌԴ-ում:
«Դեկտեմբերի 8-ին Աբու Դաբիի օդանավակայանում հաջողությամբ ավարտվել է Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին ԱՄՆ քաղաքացու` բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ փոխանակելու ընթացակարգը, որոնք պատիժ էին կրում համապատասխանաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ուղղիչ հիմնարկներում»,-ասվում է ՌԴ ԱԳ հաղորդագրությունում: Ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում սենատոր Անդրեյ Կլիմովը փոխանակումն անվանել է ռուսական դիվանագիտության շատ լուրջ ձեռքբերում:
Տևական ժամանակ է, ինչ ՌԴ-ն բանակցում էր Միացյալ Նահանգների հետ Բուտին փոխանակելու հարցի շուրջ, որը գրեթե 15 տարի ազատազրկված էր ԱՄՆ-ում, սակայն բանակցությունները հաջողությամբ չէին ավարտվում:
«Ձեռնարկված ջանքերի արդյունքում հաջողվել է ամերիկյան կողմի հետ պայմանավորվել, որ Բուտին փոխանակեն Գրայների հետ»,- ասվում է հաղորդագրությունում: