Պետական դավաճանության լուրջ դեպքերը միտումնավո՞ր են ստվերում թողնում

 Ժամանակ առ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հասարակությանը «զբաղեցնելու» համար, կամ գուցե այլ նպատակով հանրայնացնում է պետական դավաճանության «մանր» դեպքեր: Մանր դեպքեր ասելով՝ նկատի ունենք, օրինակ, 100-200 դոլարի, մերկ մարդու լուսանկարների դիմաց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցում թշնամուն: Մինչդեռ պետական դավաճանության համատեքստում շատ ավելի լուրջ հարցեր կան, որոնց մասին անգամ թույլատրելիի սահմանում տեղեկություն պարունակող հաղորդագրություն կամ տեսանյութ չի տարածվում, և տպավորություն է, որ մեր երկրի ազգային անվտանգության համար պատասխանատու մարմինը միայն մանր-մունր գործերով է զբաղված:

Ըստ այդմ որոշակի ճշգրտումների նպատակով նոյեմբերի 18-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հետևյալ հարցադրումներով.

1. 2022-ի փետրվարին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութեր էր տարածել պետական դավաճանության և լրտեսության դեպքերի վերաբերյալ` նշելով, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Մասնավորապես, փետրվարի 17-ին տարածված տեսանյութում ասվում է, որ գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով 44-օրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ, ինչի արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Կարդացեք նաև

ԱԱԾ հիշյալ տեսանյութում նշվում է նաև, որ այս հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Ըստ ԱԱԾ-ի, օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, որոնք ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։

Այդ օրերին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ պետական դավաճանական գործողություն է ծավալել նաև 44-օրյա պատերազմի օրերին «Հայդուկ» ջոկատի հրամանատարը՝ լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանի (Ջերմուկցի Համո) եղբայրը:

Վերոնշյալ հիմքերով և այս տարվա փետրվարի 17-ին ԱԱԾ տեսանյութում հիշատակված քրեական գործերի նախաքննությունը ո՞ր փուլում է, կա՞ն մեղադրյալներ, և արդյո՞ք 44-օրյա պատերազմի օրերին «Հայդուկ» ջոկատի հրամանատարը որևէ դատաիրավական կարգավիճակ ունի, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր հոդվածով: Արդյո՞ք տվյալ անձի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառվել է:

2. Հաշվի առնելով ԱԱԾ 2022-ի փետրվարի 17-ի տեսանյութում նշված հակապետական գործողությունները և բաց աղբյուրների տարածած տեղեկությունները, ըստ որոնց՝ պատերազմի ժամանակ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են լավագույն հրամանատարներից, մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 25-ին ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը: Երկուսն էլ զոհվել են թշնամու թիրախավորած Մարտունիի հրամանատարական կետում:

Այս և այլ դեպքերը արդյո՞ք քննության առարկա են դարձել հարուցված քրեական գործերի շրջանակում, կա՞ն տվյալներ, որ նշված դեպքը հետևանք է թշնամու հետ համագործակցության, ինչի արդյունքում թիրախավորվել է հենց Մարտունու հրամանատարական կետը:

Մոտ մեկ շաբաթ հետո ԱԱԾ-ն պատասխան գրություն է ուղարկել, որից կարելի է ենթադրել՝ ուժային կառույցը «Հայդուկ» ջոկատի հրամանատարի վերաբերյալ մեր հարցը կամ ճիշտ չի ընկալել, կամ փորձել է մասնագիտությանը բնորոշ վարպետությամբ խուսափվել հարցին պատասխանել, քանի որ պատասխան գրության մեջ ձևակերպումը չի համապատասխանում մեր տված հարցին, թեպետ հարցը հստակ էր գրված՝ «…44-օրյա պատերազմի օրերին «Հայդուկ» ջոկատի հրամանատարը՝ լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանի (Ջերմուկցի Համո) եղբայրը…»:

ԱԱԾ-ն վերը նշվածը համարել է նույնականացման համար ոչ բավարար տվյալ, ուստի նշված անձի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել: Միաժամանակ ԱԱԾ-ն տեղեկացրել է.

«Հայտնում ենք, որ 2022 թ. փետրվարի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված պետական դավաճանության, դրան օժանդակելու և լրտեսություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթից պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքներով 2022-ի ապրիլի 15-ին ընդհանուր 8 անձանց մասով անջատվել է առանձին վարույթ, նրանց վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քննվող քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»:

Նշենք, որ նույն բովանդակությամբ հաղորդագրությունը ԱԱԾ-ն դեռ ապրիլին էր տարածել, մի տարբերությամբ, որ այնտեղ նշվում էր, թե պատրաստվում են գործն ուղարկել դատարան:

Իսկ մեր երկրորդ հարցը ԱԱԾ-ն, ըստ էության, շրջանցել է և ընդհանրապես չի պատասխանել:

Ի դեպ, ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ մեզ հետաքրքրող անձի մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել դեռևս 2021-ի հունիսի 7-ին, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ:

Արդյունքում, նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, որի հետևանքով էականորեն խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը, նույն դիտավորությամբ, լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն»:

Նշենք, որ մեր հետաքննության՝ ԱԱԾ հաղորդագրությունների ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ խոսքը ՀՀ քաղաքացի Գարուն Բաբայանի մասին է, որը 44-օրյա պատերազմի օրերին «Հայդուկ» անունով ջոկատի հրամանատարն էր:

Դատալեքսից էլ տեղեկանում ենք, որ Գարուն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ քաղաքացի Գագիկ Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2018թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Բացի այդ, ՀՀ քաղաքացի Գարուն Բաբայանը թշնամու կողմն անցնելու լրտեսության օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով 2020թ. ընթացքում կատարել է պետական դավաճանություն` ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Այսինքն՝ Գարուն Վահակի Բաբայանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր. 299 հոդվածի 1-ին մասով:

Փաստորեն, Գարուն Բաբայանը դեռևս 2018-ին պետական դավաճանություն է կատարել: Դատալեքսում տեղադրված մեղադրական եզրակացության համառոտ բովադակությունից պարզ չէ, թե հանցագործությունը մինչև 2020 թվակա՞նն է բացահայտվել, թե՞ 2021-ին, երբ նաև մեղադրանք է առաջադրվել Բաբայանին 2020 թվականին կատարած նույն հանցագործության համար: Սրանք նոր հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ:

Հույս ունենք, որ կստանանք նաև, թե ովքեր են այն 8 անձինք, որոնց մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է դատարան, այնպես, ինչպես մեզ ուղարկված գրության մեջ նշել էին ԱԱԾ-ից: Կփորձենք ստանալ մեր երկրորդ՝ անպատասխան մնացած հարցի վերաբերյալ հստակ պարզաբանումը՝ պատերազմի ժամանակ թշնամու կողմից թիրախավորված հրամանատարների զոհվելու հանգամանքները որքանով են առնչվում այս պետական դավաճանության դեպքերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս