
«Բնականաբար, պրովոկացիա է, այնտեղ բնապահպան տեսելը դժվար է». ԱԽ քարտուղարը՝ Բերձորի ճանապարհը փակելու մասին

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելու խնդրին։
«Բնականաբար, պրովոկացիա է, այնտեղ բնապահպան տեսնելը դժվար է, որովհետև այնտեղ որևէ բնապահպանական հարց չկա, զուտ պրովոկացիա է։ Բոլոր այդ պրովոկացիաները խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և այս առումով, քանի որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բնականաբար, աշխատանք է տարվում, որպեսզի Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվի՝ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ որպես արցախցի, հնարավո՞ր է՝ գնա ու տեսնի, թե ի՞նչ է Արցախում կատարվում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ գնում և տեսնում է։
Հաջորդ հարցին՝ Արցախի հայաթափման վտանգը այդպիսով չի՞ մեծանում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, Հայաստանը, նաև Արցախն ամեն ինչ անում են, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստեղծվի Արցախի համար»։